Դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի լավագույն աշակերտները պարգևատրվել են

007Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական համապետական օլիմպիադայի քաղաքային փուլում առաջին կարգի դիպլոմի արժանացած աշակերտների պարգևատրման արարողությունը։

Երևանի քաղաքապետարանի սահմանած դիպլոմները և պարգևներն աշակերտներին է հանձնել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

«Մեզ համար շատ կարևոր է Երևանում կիրթ, բանիմաց աշակերտների առկայությունը. տարիներ անց դուք եք շարունակելու Երևանը շենացնելու այսօրվա ջանքերը, աշխատանքները։ Համոզված եմ՝ բավականին խիստ են եղել հանձնաժողովները և վստահ եմ՝ այսօր ևս մեկ քայլ առաջ եք ձեր գիտելիքներով։ Շնորհավորում եմ»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Համապետական օլիմպիադայում ընդգրկված է 16 առարկա։ Դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել է  Երևան քաղաքի հիմնական, միջնակարգ, ավագ և մասնավոր դպրոցների 7-ից 12-րդ դասարանների 1655 աշակերտ։  Քաղաքային փուլի արդյունքների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի դիպլոմների է արժանացել 343 աշակերտ, ընդ որում, 64-ը՝ առաջին, 134-ը՝ երկրորդ և 145-ը՝ երրորդ կարգի դիպլոմների։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ օլիմպիադայի մեկնարկի օրից՝ փետրվարի 1-ից մինչ ավարտը որևէ խախտում չի արձանագրվել, որևէ բողոք չի ստացվել։

Դպրոցականների առարկայական օլիմպիադան անցկացվել է ՀՀ ԿԳՆ սահմանած կարգի համաձայն։ Օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել և քաղաքապետարանի դիպլոմներով են պարգևատրվել նաև Ֆիզմաթ, «Քվանթ» վարժարանների, Շիրակացի ճեմարանի, «ԱՅԲ» կրթահամալիրի աշակերտները։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: