«Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է մայիսյան հաշվետու այցելությունները

Nor Maragha community center openingԵրեւան, մայիսի 20, 2014թ.: «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում Հիմնադրամի շուրջ 40 հոգուց կազմված պատվիրակությունը, այդ թվում` հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների ներկայացուցիչներ, բարերարներ եւ աշխատակիցներ` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ մեկնարկել է մայիսյան հաշվետու այցելությունների շարքը Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում:

Պատվիրակությունն այս անգամ Արցախ ուղեւորվեց Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհով, որի կառուցումը Հիմնադրամի հոգաբարձուների կողմից հաստատված տարվա գլխավոր ծրագիրն է:

Այսօր` մայիսի 20-ին, Հիմնադրամի պատվիրակությունը հանդիսավորությամբ բացեց ԼՂՀ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղի համայնքային կենտրոնը: Բացման արարողությանը ներկա էին նաեւ Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր:

Նոր Մարաղա գյուղում համայնքային կենտրոնի կառուցումը հովանավորել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Սա Տորոնտոյի հայերի հովանավորությամբ կառուցված երկրորդ համայնքային կենտրոնն է Արցախում.անցյալ տարվանից նմանատիպ կենտրոն գործում է Հադրութի շրջանի Դրախտիկ համայնքում: Համայնքային կենտրոնը (ընդհանուրը 410 քմ) երկհարկանի կառույց է կիսանկուղով: Այստեղ կգործեն գյուղապետարանն ու բուժկետը/ծննդատունը: Հանդիսությունների դահլիճի, գրադարանի, համակարգչային սենյակի, խաղասրահի, տեսասրահի շնորհիվ էլ աշխույժ ու բովանդակալից կդառնա 500-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի առօրյան: Կարեւորելով նմանատիպ կառույցները գյուղական համայնքներում` Տորոնտոյի հայ համայնքը այս հաստատություններին տվել է յուրատիպ անվանում` Կյանքի կենտրոն: Այստեղ գյուղացիները կհոգան իրենց խնդիրները, կկիսեն ուրախություն ու տխրություն, կկազմակերպեն իրենց ժամանցը:
«Սա Տորոնտոյի հայ համայնքի նվերն է Նոր Մարաղայի բնակիչներին: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր, չնայած դժվարություններին, այսօր բնակվում են Արցախի նվիրական հողում եւ շենացնում այն: Ցանկանում եմ, որ համայնքում քիչ հիվանդներ լինեն, եւ կենտրոնի բուժկետը ծառայի հիմնականում ապագա մայրերին», – ասաց Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը: Նա համայնքի բնակիչներին փոխանցեց նաեւ Բարոնուհի Քերոյալն Քոքսի ողջույնի խոսքը, ով մեծ ներդրում ունի 1992թ. Մարաղայի ջարդերի միջազգային ճանաչման գործում:

Նոր Մարաղա համայնքի ղեկավար Ռոմա Կարապետյանը, որպես գնահատանք, համայնքի անունից Նոր Մարաղայի Պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանին:

«Այս համայնքը հին Մարաղան է նոր կերպարով: Միասնական ջանքերով շենացնելու ենք այն: Շնորհակալություն եմ հայտնում Տորոնտոյի մեր հայրենակիցներին եւ շինարարներին այս կարեւոր կառույցը կյանքի կոչելու համար»,- ողջույնի խոսքում նշեց «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Այնուհետեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու փոխդիվանապետ Տեր Պարթեւ աբեղա Բարսեղյանը եւ Մարտակերտի սբ. Կարապետ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Տեր Բարսեղը օրհնեցին նորակառույցը:

Տորոնտոյաբնակ Նալբանդյան ամուսիններն էլ, ովքեր ներկա էին արարողությանը, համայնքային կենտրոնի բուժկետին գլյուկոմետրեր նվիրեցին:

Նոր Մարաղան հիմնվել է 1992 թվականին: Բնակիչները հնագույն Մարաղա գյուղից են: Պատերազմի ընթացքում ադրբեջանցիներն ավիրել ու հրկիզել են Մարաղան, իսկ մազապուրծ եղած գյուղացիներն իրենց գյուղից ոչ հեռու նոր բնակավայր են հիմնել եւ կոչել այն Նոր Մարաղա:

Բացման արարողությանը հաջորդեց պատվիրակության այցելությունը Ասկերանի շրջանի Խանցք գյուղի նորակառույց համայնքային կենտրոն, որի կառուցումը ստանձնել է Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը: Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը: Երկհարկանի կառույցում կգործեն գյուղապետարանը, գրադարանը, համակարգչային սենյակը, խաղասրահը: Կից կառուցված միջոցառումների սրահը` նախատեսված 150 հոգու համար, կծառայի համայնքի միջոցառումների անցկացմանը:
Գյուղապետ Զորիկ Հարությունյանը վստահ է, որ համայնքային կենտրոնը աշխուժություն կմտցնի համայնքի կյանքում: «Մեր գյուղացիներն ակտիվ են, ստեղծված պայմաններն էլ կնպաստեն, որ մարդիկ լցնեն իրենց օրը»,- ասում է նա: Գյուղապետը պատմում է, որ առաջին անգամ Արցախում այս տարվա գարնանը գյուղում մեծ հանդիսավորությամբ տոնել են Հացի տոնը, որի ընթացքում երգ ու պարի ներքո համայնքի 41 հացթուխները հյուրերին են ներկայացրել արցախյան հացատեսակները:
Արցախի հնագույն բնակավայրերից մեկը հանդիսացող Խանցք գյուղն ունի 265 բնակիչ:Այն հնում եղել է խաների նստավայր, որտեղից էլ ստացել է իր անվանումը:

Պատվիրակությունն այցելեց նաեւ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ: Դեռ խորհրդային ժամանակներում կառուցված ընդարձակ կառույցը վերանախագծվել է` համապատասխանեցվելով արդի պահանջներին, եւ հիմնովին վերակառուցվում է: Ուժեղացվել են շենքի հիմքերը, կառուցվում է նոր մասնաշենք: Վերակառուցվել եւ կահավորվել են 170 հանդիսատեսի համար նախատեսված համերգասրահն ու սպորտ դահլիճը: Ներկայումս կատարվում են արտաքին հարդարման աշխատանքները: Շենքը վերակառուցվում է ռուսաստանաբնակ հայ գործարար Արմեն Շախազիզյանի ֆինանսավորմամբ:

Վաղը Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում հանդիսավորությամբ կբացվեն խմելու ջրի նոր համակարգն ու նորակառույց համայնքային կենտրոնը: Պատվիրակությունը կայցելի նաեւ Շոշ, Թաղավարդ եւ Կարմիր Շուկա` տեղում համայնքային կենտրոնների կառուցման ընթացքին ծանոթանալու նպատակով:

 

 

Tags: ,