BBC-ին ապացույցներ ունի, որ Բաշար Ասադի ուժերը քիմիական զենք են կիրառել

bbcԲրիտանական BBC հեռուստաընկերությունը հաղորդել է, թե ապացույցներ ունի, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը քիմիական զենք է կիրառել: Ականատեսները BBC-ի թղթակցին պատմել են, որ կառավարական զորքերի ուղղաթիռները թունավոր գազով լի ամենաքիչը երկու սարք են նետել Սարաքեբ քաղաքի վրա: Այս քաղաքը ապրիլ ամսին գնդակոծվել էր կառավարական ուժերի կողմից, ինչից հետո տեղական հիվանդանոցների բժիշկները ութ վիրավորի մոտ արձանագրել էին շնչառական խնդիրներ և ուժեղ սրտխառնոց:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ BBC-ի տվյալներով` քիմիական զենքի կիրառման ապացույցները, ինչպես նաև զոհվածների աճյունների նմուշները քննության են ուղարկվել Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Թուրքիա և ԱՄՆ-ը: Հայտնի է, որ BBC-ի հասցեին բազմաթիվ տեսանյութեր են գալիս Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ, սակայն դրանց իսկությունը ճշտել հնարավոր չէ:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ նման գործողությունները կարող են դառնալ այն «կարմիր գիծը», որից հետո հնարավոր է զորք մտցվի Սիրիա: Այնուհանդերձ ԱՄՆ-ի հետախուզությունը դեռևս չունի քիմիական զենքի կիրառման հստակ ապացույցներ:

 

Tags: