ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը խորհրդարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանին երկու հարց ուղղեց, որոնցից մեկը վերաբերում էր Արցախյան ազատամարտի մասնակիցների սոցիալ-բարոյահոգեբանական խնդիրներին:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը նպատակահարմար չի՞ գտնում, որ պետք է անցկացվի հաշվառում՝ պարզելու, թե իրականում ովքե՞ր են մասնակցել ազատամարտին: «Եթե մենք ունենանք մասնակիցների իրական թիվը, ավելի արդյունավետ կօգտագործենք նաև մեր ֆինանսական ռեսուրսները»,-ասաց պատգամավորը:
Հովիկ Աբրահամյանը համաձայնեց պատգամավորի առաջարկի հետ՝ հաշվառում անցկացնելու վերաբերյալ՝ նշելով, որ առանց դրա հնարավոր չէ որևէ ծրագիր կյանքի կոչել, և որ դա կլինի անիմաստ, անտրամաբանական ու անարդյունավետ: «Մենք անպայման հաշվի կառնենք ձեր առաջարկը, պարոն Վարդանյան»,-հավաստիացրեց Հովիկ Աբրահամյանը:
Պատգամավորի երկրորդ հարցը վերաբերում էր վարչապետի հնչեցրած «պարտադիր, բայց ոչ պարտադրված» ձևակերպմանը, որը, ըստ նրա, արդեն թևավոր խոսք է դարձել: «Բացատրեք, խնդրեմ, այս խոսքի իմաստը, տրամաբանությունն ու բովանդակությունը»,-ասաց Աղվան Վարդանյանը: Հովիկ Աբրահամյանը պարզաբանեց, որ դա նշանակում է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ հանրությանը բացատրի, ներկայացնի, համոզի, և որպեսզի քաղաքացիների համար սոցիալական լուրջ խնդիրներ չհարուցվեն: «Այն փաթեթը, որը կբերվի խորհրդարան, պետք է բխի մեր բոլորի շահերից: Դա շատ կարևոր բարեփոխում է, և այն պետք է իրականացնել, իսկ թե ինչ ձևով, մի քիչ համբերենք: Մենք շատ արագ, մինչև հունիսի վերջ ուզում ենք փաթեթը բերել Ազգային ժողով»,-ասաց վարչապետը:
Tags: աժ, Աղվան Վարդանյան, Հովիկ Աբրահամյան