Նախարարությունների առաջարկները խմբավորվել են մեկում` որպես կառավարության ծրագիր. Գագիկ Մակարյան

մակարյան«Կառավարության նոր ծրագիրը վատը չէ, սակայն ես այն համարում եմ անցումային, քանի որ կառավարությունն էլ է անցումային: Ես այս մասին վարչապետին էլ եմ ասել, քանի որ որոշ նախարարներ, որոնք նոր են նշանակվել,  վստահություն չեն վայելում, և կան որոշ նախարարներ, ովքեր իրենց պաշտոնավարման ժամանակ թույլ են տվել որոշ թերացումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով  կառավարության նոր ծրագրին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Ամեն մի նախարարություն տվել է իր առաջարկները և դրանք խմբավորվել են մեկում: Զարմանալի չէ, որ այս ծրագիրն այդքան արագ հավանության արժանացավ նախարարների կողմից: Ես կասեի նրանք հավանություն տվեցին առանձին գլուխների, ոչ թե ամբողջական ծրագրին:  Այդ փաստաթղթին ծանոթանալու համար ես 4 ժամ եմ տրամադրել և ես կարծում եմ, որ ոչ բոլոր նախարարներն են կարդացել այն»:

Ըստ ծրագրի` նվազագույն աշխատավարձը կլինի 65 հազար դրամ: Նպատակ է դրվել կրճատել աղքատությունը 10 տոկոսով:

«Այսպիսի հետաքրքիր կետ կա` չհիմնավորված հարստացման հարցը, կառավարությունը հետամուտ է լինելու չհիմնավորված ճանապարհով հարստացման խնդիրերին, այսինքն` փորձելու է հասկանալ, թե ով ինչպես է հարստացել»,- նշեց Գագիկ Մակարյանը:

Ծրագրում  նշվում է մաև Հայաստանի ազգային բրենդի ստեղծման անհրաժեշտության մասին: Հարևան երկրների հետ հարաբերությունների հարցում փոփոխություններ չկան: Այն մնացել է նախորդ ծրագրի նման:

Ըստ Մակարյանի` կարևոր է նաև մարդու իրավունքների բաժինը, որտեղ նշված է, թե պետք է նպաստել դատարանների անկախությանը, սակայն չի ասվում, թե ինչպես:

Tags: ,