«Կառավարության այս ծրագրից ծրագրի հոտ է գալիս». Հրանտ Բագրատյան

հրանտ բագրատյանՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նոր կառավարության ծրագրի մասին իր ամփոփիչ ելույթում նախ քննադատեց նախորդ կառավարության գործունեությունը՝ նշելով, որ վեց տարի կորցրել ենք, ապա ավելացրեց, որ առաջին անգամ կառավարության ծրագրում կան կետեր, որոնց համար պայքար է եղել քսան տարի, և որ այս ծրագրից իսկապես ծրագրի հոտ է գալիս:

Հրանտ Բագրատյանին դուր է եկել կառավարության ծրագրում առկա այն դրույթը, որ սահմանին ԱԱՀ-ն դուրս չի գրվելու, Համահայկական ներդրումային հիմնադրամի և միջոցների գեներացման հետ կապված դրույթը, կոոպերացիայի ստեղծումը՝ չնայած որ նա դեմ է հողերի խոշորացմանը, փոխարենը՝ կողմ փոխկոոպերացիայի գաղափարին. «Օրինակ, պիտի կարտոֆիլ արտադրող գյուղում ստեղծենք նաև օսլա արտադրող ընկերություն: Դա կոչվում է փոխօգնության կոոպերացիա»,-բացատրեց նա: Բագրատյանը դրական է գնահատում նաև գյուղացիության ապահովագրության և գյուղմթերքների սուբսիդավորման հետ կապված դրույթները: Որպես թերություն  պատգամավորը համարում է այն, որ ծրագրում լուծված  չէ միկրո, փոքր և խոշոր բիզնեսների հարկերի խնդիրը, մինչդեռ, ըստ նրա, շատ հեշտությամբ կարելի է այս երեք ոլորտը ներդաշնակեցնել: Թերի է նաև նվազագույն աշխատավարձի հետ կապված խնդիրը: Պատգամավորը գտնում է, որ նվազագույն աշխատավարձը պետք է կազմի միջին աշխատավարձի 45 տոկոսը և պետք է հարկվի: Տարեկան հայտարարագրին վերաբերող դրույթում Բագրատյանն առաջարկում է մտցնել պարզեցված հարկ կամ կիրառել համատարած հայտարարագիր ամբողջ ժողովրդի համար: Թերություններից մեկն էլ, ըստ Բագրատյանի, պարտադիր կենսաթոշակային համակարգի չլուծված խնդիրն է. «Պետք է անկեղծ խոսենք, ի՞նչ եք անելու սա: Կան լուծումներ, բայց ստացվում է, որ մեկը քարը գցել է փոսը, հիմա չենք կարողանում հանել»:

Tags: ,