Նոր կառավարության ծրագրի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին անխնա քննադատության ենթարկեց կառավարությանը՝ մասնավորապես դրա ղեկավար Հովիկ Աբրահամյանին, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին և աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:
«2011 թվականի նոյեմբերի ինին Սերժ Սարգսյանն ազդարարեց Հայաստանում նոր դարաշրջանի մեկնարկը՝ նշելով, որ մենք կանգնած ենք նոր սկզբի առջև, և որ գործարարությունը պետք է տարանջատվի պետական համակրգից»,-այսպես սկսեց իր ելույթը պատգամավորը:
Այս հայտարարությունից երկու տարուց մի քիչ ավելին է անցել, սակայն, ըստ Փաշինյանի, այսօր ձևավորվել է մի կառավարություն, որի անդամներից առնվազն հինգը կարող են հավակնել Հայաստանի ամենահարուստ անձանց քսանյակին, իսկ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը լավագույն եռյակի հավակնորդներ են:
«Հազարավոր հեկտարներով հողեր, գազալցակայաններ, բենզալցակայաններ, գործարաններ, հանգստյան տներ, առանձնատներ»,-սկսեց թվարկել Հովիկ Աբրահամյանի ունեցվածքը Փաշինյանը:
Անցնելով Դավիթ Հարությունյանին՝ նա նշեց, որ վերջինս այնքան անշարժ գույք է հայտարարագրել, որ տպավորություն է, թե վերջին քսան տարիների ընթացքում եղել է ոչ թե պետական պաշտոնյա, այլ անշարժ գույքի գործակալ:
Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանին, ապա պատգամավորի համար ընդհանրապես անհասկանալի է, թե նա ինչով է զբաղվում. «Ինչի մասին խոսում ես, ասում են՝ Գագիկ Խաչատրյանինն է: Որ ասում եք, կոռուպցիա, կոռուպցիա, ձեզ թվում է՝ կոռուպցիան պոզով-պոչով կենդանի է՞: Հե՛սա կոռուպցիան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հետ քիչ առաջ տեղի ունեցած իր հարցուպատասխանին, որտեղ Աբրահամյանն իրեն ասել էր, թե մի ընտանիք էլ չի կարող պահել, Փաշինյանն ասաց. «Ճիշտ է, երբ ես ընդհատակում ու բանտում էի, իմ ընտանիքն էր ինձ պահում: Մարդ ձե՛ր նման պետք է ընտանիք պահի, որ հարազատաներն ու բարեկամները դառնան պատգամավոր միլպետ, գործարար ու միլիոնատերեր: Ձեր լավ պահած ընտանիքների հաշվին է, որ Հայաստանում 200 հազար ընտանիք էլ աղքատ է ու հացին կակա է ասում»:
Այստեղ արդեն հանրապետական Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի նյարդերը տեղի տվեցին կամ էլ նա ցանկացավ արջի ծառայություն մատուցել նորանշանակ վարչապետին և սկսեց տեղից գոռգոռալ ու հակադարձել Նիկոլ Փաշինյանին:
Փաշինյանն էլ, հունից դուրս գալով, բղավեց. «Ստեղ բազառ չի, արա՛»:
Այնուհետև, անցնելով Հովիկ Աբրահամյանին, Փաշինյանը նրան խորհուրդ տվեց զբաղվել պոմիդոր աճեցնելով, քանի որ, ինչպես երևում է, դա նրա մոտ ավելի լավ է ստացվում:
Փաշինյանը չխնայեց նաև Գալուստ Սահակյանին՝ հիշեցնելով, որ վերջինս Հովիկ Աբրահամյանի հետ իր հարցուպատասխանի ժամանակ միջամտել էր և իր հասցեին թույլ էր տվել «չարաճճիություն» արտահայտությունը: «Եթե դուք թոթովախոս եք և բառերը դժվարությամբ եք իրար կապում, ապա դա չի նշանակում, որ մանկապարտեզը պետք է շփոթեք Ազգային ժողովի հետ»:
«Այդպես էլ արջը երկրորդ երգը չսովորեց»-արձագանքեց Գալուստ Սահակյանը:
Tags: Ազգային ժողով, Հովիկ Աբրահամյան, նիկոլ փաշինյան, Շմայս