Ընդդիմության մի մասն ասում է՝ մենք ձեզ հետ չենք համագործակցելու, մյուս մասն էլ Գյուլնազ տատի հեքիաթներ է պատմում. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ ՇարմազանովԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթում անդրադարձավ այն քաղաքական ուժերին, որոնք հրաժարվում են համագործակցել կառավարության հետ: Նա գրեթե մեղադրեց ընդդիմությանը այդ քաղաքականության համար. ՛՛Մենք հավաքվել ենք, որպեսզի քննարկենք մեր հասարակության համար շատ կարևոր ծրագիր՝ Կառավարության ծրագիր, որից կախված է մեր հասարակության, մեր երեխաների, մեր ընտանիքների ապագան, բայց չենք հավաքվել այստեղ զազրախոսելու: Բոլորը պետք է գիտակցեն, որ ԱԺ-ն ՀՀ-ի գլխավոր քաղաքական ամբիոնն է, և պատգամավորների ու գործադիր նպատակն իրար վիրավորելը չպիտի լինի: Եթե մեր նպատակն իրար վիրավորելն է, ապա դա որևէ տեղ չտանող ճանապարհ է: Եթե մեր նպատակը ավելի բարձր հայհոյանքներ տալն է, ապա դա խոսում է պլինտուզից ցածր մակարդակի մասին նրանց, ովքեր դրա մասին էին խոսում: Լավ ինչքա՞ն կարելի է նույն բանն ասել: Եթե ձեզ թվում է՝ նույն անհեթեթությունը 20 անգամ կրկնելուց հետո ձեր ժողովրդականությունն ու հարգանքը ավելանալու են, չարաչար սխալվում եք: Ժողովուրդը մեզնից սպասում է կոնկրետ գործ: Բարձր բառերով ժողովրդի մատից փուշ չեն հանում, և այսօր պետք է քննարկել քաղաքական շեշտադրումերով ծրագրի առաջնահերթությունները: Մենք ականջալուր ենք, ի տարբերություն ձեզ, ականջալուր ենք առողջ և ողջամիտ ծրագրերին, ոչ թե Գյուլնազ տատի հեքիաթներին: Ողջունում եմ այն ընդդիմադիրներին, ովքեր այստեղ կառուցողական առաջարկներ են արել ու նկատել են նոր Կառավարության արձանագրած հաջողությունները: Բայց մենք այստեղ չենք հավաքվել իրար վարկաբեկելու: Դուք պետք է գիտակցեք, որ ապակե տան մեջ ապրողը չպետք է մեր վրա քար նետի, եթե բռունցք եք ուղղում մեր դեմ, ախր բռունցք էլ պետք է ստանաք՛՛, – ասաց Էդուարդ Շարմազանովը ու ևս մեկ անգամ շեշտեց, որ Կառավարության ծրագիրն իրատեսական է, այնտեղ անդրադարձ կա բոլոր ոլորոտներին:

՛՛Ես սպասում էի, որ այստեղ ընդդիմության իմ գործընկերները կներկայացնեն կոնկրետ առաջարկներ, բայց մի մասն ասում է՝ ինչ ուզում եք արեք, մենք ձեզ հետ չենք համագործակցելու, մյուս մասն էլ Գյուլնազ տատի հեքիաթներ է պատմում, է մի համագործակցեք, մե՞զ եք վատություն անում, թե՞ ժողովրդին, ձեզ եք վատություն անում: Քաղաքական նման պահվածքը խոսում է փաստերի բացակայության մասին: Խոսում է, որ ձեր տեղը քաղաքական դաշտը չէ՛՛, – եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:

Անկախ

Tags: