Ղարաբաղյան հակամարտության մասին հատուկ կետ` Շանհայի գագաթնաժողովի վերջնական հռչակագրում

3Մայիսի 21-ին Շանհայում տեղի է ունեցել Ասիայում փոխգործակցության և վստահության կառուցման միջոցների համաժողովի չորրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Գագաթնաժողովը ավարտվել է վերջնական հռչակագրի ընդունմամբ: Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, դրանում ներառվել են Ադրբեջանի համար կարևոր մի շարք հարցեր, այդ թվում ` Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հատուկ կետ:

“Մենք աջակցում ենք այս հակամարտության խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի շրջանակներում ընդունված հիմնական որոշումներին և փաստաթղթերին համաձայն: Այդ նպատակով կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին ակտիվացնել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը”,- նշված է փաստաթղթում:

Հռչակագրում ասվում է, որ մասնակից երկրները պայմանավորվել են` ոչ մի պետություն չի ամրապնդի իր անվտանգությունը` խախտելով այլ երկրների անվտանգությունը: “Մենք հրաժարվում ենք միջազգային հարաբերություններում երկակի ստանդարտներ կիրառելուց: Անջատողականությունն ու բռնի ծայրահեղականությունը վտանգավոր են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության համար: Այլ անդամ երկրների տարածքում անջատողական գործողություններին ու կազմակերպություններին աջակցություն չի տրվի, ոչ մի ձևաչափով հարաբերություններ չի հաստատվի անջատողականների հետ”,-նժված է հռչակագրում:

Ասիայում փոխգործակցության և վստահության կառուցման միջոցների համաժողովի չորրորդ գագաթնաժողովին մասնակցել են 24 պետության ղեկավարներ և կառավարություններ: Գագաթնաժողովին ներկա է գտնվել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Անկախ

Tags: ,