ԱԺ-ում Կառավարության ծրագրի մասին խմբակցության անունից ելույթում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հանդես եկավ այս տեքստով. ՛՛Ինչո՞ւ փոխվեց Կառավարությունը, այս հարցի պատասխանը ոչ ոք չի ուզում տալ` առաջին հերթին, իհարկե, իշխանության ներկայացուցիչները: Ինչու եք փոխել վարչապետին , եթե նա լավն էր: Եթե լավն էր` թող մնար:Իսկ եթե փոխում ենք, որ առաջընթաց ապահովենք, որը տրամաբանական կլիներ, լավ, բա չի՞ բացատրվում` ի՞նչն ենք ուզում փոխել: Եթե ուզում ես առաջընթաց, պիտի շարժվես բացասման բացասումի օրենքով, որը նշանակում է՝ պետք է հստակ ասենք` որոնք են բացասական երևույթները, որոնք`դրական կողմերը: Նոր Կառավարությունը շատ լավ գիտի, թե ինչու փոխվեց նախորդը: Ուղղակի քաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ պետք չէ բարձրաձայնել, բայց ուզում եմ հավատալ, որ իրենք գոնե հոգու խորքում գիտեն` ինչու փոխվեց ու ինչ է պետք փոխել: Այս ծրագիրն այն չէ, ինչ պետք է լիներ, բայց հույս ունեմ, որ նոր Կառավարությունը կունենա այնքան ողջամտություն, որ նախորդի նման աբսուրդ պատճառաբանություններ չներկայացնի` արդարացնելով տնտեսական անկումը բնակլիմայական պատճառներով՛՛:
