Խոզերի առջև մարգարիտներ շաղ չեն տալիս. Շարմազանովն՝ ի պատասխան Զուրաբյանի աստվածաշնչյան հղումների

Լևոն ԶուրաբյանԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքում ասված էր. ՛՛Այն պահից սկսած, երբ Հայ ազգային կոնգրեսը մուտք գործեց Հայոց խորհրդարան, սա արդեն երրորդ անգամն է, ինչ իշխող Հանրապետական կուսակցության կառավարութունը Ազգային ժողով ծրագիր է բերում հաստատման: Նախորդ երկու դեպքերում՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից և 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո մեր գործը բավականին հեշտ էր. մենք պետք է վերաբերմունք հայտնեինք մի կառավարությանը, որի բերած փաստաթուղթն  որևէ իմաստ չկար քննարկելու, քանի որ այն գործում էր 2008 թվականից ի վեր և արդեն ամենամիամիտներին էլ ապացուցել էր իր կոռումպացվածությունն ու ոչ-կոմպետենտությունը: Այսօր  թվում էր,  թե խնդիրն  ավելի բարդ պիտի լիներ. նախ, որովհետեւ դեռ մարտի մեկի հանրահավաքում տված խոստման համաձայն Տիգրան Սարգսյանի կառավարությունն ընկավ՝ շնորհիվ մեր՝ խորհրդարանական ՛՛հրաշալի՛՛ քառյակի ջանքերի, ուստի  մենք պետք է շահագրգռված լինեինք ցույց տալու ժողովրդին, որ տեղի է ունեցել դրական փոփոխություն:
Եւ, երկրորդը, այնուամենայնիվ, ֆորմալ առումով մենք գործ ունենք մի վարչապետի հետ, որը երբեք այդ պաշտոնում չի եղել, լի է երիտասարդի ավյունով, անժխտելի կենսախնդությամբ ու ընդդիմադիրներին իր ազգանպաստ գործերին մասնակից դարձնելու անխոնջ ձգտումով: Այստեղ է, որ ինչպես միշտ, ծանր պահերին, մեզ օգնության է գալիս Աստվածաշունչը: Ըստ Մաթեւոսի Ավետարանի Է գլխի. «Չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել»: Իսկ մենք շատ լավ գիտենք, թե այս կառավարությունը որ ծառից է: Այդ ծառը կոչվում է Սերժ Սարգսյանի ղեկավարած հանրապետական ավազակապետական ռեժիմ, մի ռեժիմ, որը կեղծված ընտրությունների միջոցով երկրում յուրացրել է իշխանությունը, եւ որի միակ գործը տարիներ շարունակ եղել է ժողովրդի ունեզրկումն ու թալանը: Աստվածաշնչի նույն տեղում, «հափշտակող գայլերին» վերաբերող տողերում գտնում ենք նաեւ հետեւյալ բառերը. «Իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց»: Ի՞նչ է մեզ հուշում Աստվածաշունչը. որ ոչ թե հավատանք «ոչխարի հանդերձանքով» մեզ մատուցվող թղթի կտորներին, այլ  ճանաչենք ձեզ, ձեր առաջին իսկ գործերով: Իսկ այս կարճ ժամկետում նոր ձեւավորված կառավարությունը մի քանի կարեւորագույն քայլ է կատարել, որոնք բացում են նրա ամբողջ էությունը: Եթե դուք չեք հասկանում՝ ինչ ազդանշան եք տվել Հայաստանի ու ողջ միջազգային հանրությանը, ապա ես կարող եմ բացատրել՝ սրանով դուք ազդարարում եք, որ մենաշնորհային տնտեսությունը, պետական իշխանության չարաշահումն  այլեւս պաշտոնապես վերածվում են պետական քաղաքականության: Իսկ այն պարզաբանումները, որ իբր այդ մարդիկ խոստացել են ձեզ այսուհետ չշարունակել զբաղվել բիզնեսով, չչարաշահել պետական իշխանության լծակները, ուղղակի ծիծաղ են հարուցում: Խորհուրդ կտայի կազմակերպել կառավարության անդամների կոլեկտիվ ինքնախոստովանություն եւ գործուն զղջում հենց այստեղ՝ ԱԺ դահլիճում, որ ինքնամաքրման  այս թատրոնն  ավելի համոզիչ լինի:

Չորրորդ քայլը, որ դուք կատարել եք այս ընթացքում, նույնքան պերճախոս է. դա պարտադիր աուդիտի ոչնչացումն է եւ այսպես կոչված այլընտրանքային հարկային ստուգումների մասին օրենքը  շրջանառության մեջ դնելը: Սրանով դուք փորձում եք ոչնչացնել խոշոր ձեռնարկությունների նկատմամբ ներդրողների եւ հանրության վերահսկողության առաջին իսկ ծիլերը: Ըստ էության, դրդում եք գործարարներին, որ նրանք ոչ թե բաց հաշվապահություն պահեն եւ ստուգված տեղեկություններ մատուցեն ներդրողներին, հանրությանն ու հարկային մարմիններին, այլ գնան ստվերային բանակցությունների ու գործարքների հարկային տեսչության հետ՝  պարարտ հող ստեղծելով կոռուպցիայի, բիզնեսի եւ իշխանության սերտաճման եւ ստվերային տնտեսության ընդլայնման համար՝ ի հաշիվ մրցակցային տնտեսության զարգացման: Ի դեպ, սա առանց չափազանցության կարելի է համարել Գագիկ Խաչատրյանի նշանակման հետ կապված վերոհիշյալ մանիֆեստի երկրորդ կետը:

Ամենակարեւոր բանը, որը ցցուն կերպով դրսեւորվեց այս քննարկումների ընթացքում, դա Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգի գլխավոր արատն է՝ բիզնեսի եւ իշխանության կատարյալ սերտաճումը: Այսօրվա Հայաստանի բոլոր կառավարիչները՝ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկա վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը եւ այլք  օլիգարխներ են, այսինքն մի քանի մեծահարուստներ, ովքեր ընտրակեղծիքներով կենտրոնացրել են իրենց ձեռքում ամբողջ պետական իշխանությունը եւ այն օգտագործում են բացառապես ժողովրդի ունեզրկման եւ սեփական հարստացման նպատակով:

Հիմա կադրային նորությունների մասին: Այս հարցում նույպես կարծես իշխանությունը որոշել է պարզություն մտցնի: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ողջ հանրապետությունում պեղվել ու կառավարության անդամ են նշանակվել Հայաստանի ամենավարկաբեկված, ամենաօդիոզ եւ ամենակոռումպացված պետական պաշտոնյաներին, ում հետեւից երկարաձգվում է անթիվ մեղադրանքների եւ հանցանքների մի ամբողջ շլեյֆ: Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Խաչատրյանի մասին շատ խոսվեց: Բայց ինչով է նրանցից պակաս օրինակ Երվանդ Զախարյանը: Նա  մի մարդ է, որի նկատմամբ քրեական գործ էր հարուցված եւ որին փնտրում էր Հայաստանի արդարադատությունը՝ հայտնի «մազութի գործի» շրջանակներում`  կորած 4 միլիոն 200 հազար դոլարի հետքերը գտնելու նպատակով, սակայն Զախարյանը փախուստի էր դիմել եւ այդպես էլ պատասխան չտվեց քննության կողմից բարձրացված հարցերին: Հաջորդը՝ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան, եւս մի հետաքրքիր կերպար, որին Հայաստանի ողջ հանրությունը բառիս բուն իմաստով հայհոյում է Երեւանի ճարտարապետական տեսքի աղավաղման, պատմամշակութային նշանակություն ունեցող շենքերի ապամոնտաժման, Հրազդանի կիրճի, Օպերայի, Օղակաձեւ զբոսայգու կանաչ տարածքների ոչնչացման եւ քաղաքաշինական բոլոր նորմերի խախտումով Երեւանի կենտրոնի կառուցապատման, հասարակ հազարավոր քաղաքացիների ունեզրկման համար: Մյուսը՝ արդարադատության նախարար է նշանակվում Հովհաննես Մանուկյանը, որը պաշտոնական հայտարարագրերի համաձայն միլիոնատեր է եւ որին բոլորը ճանաչում են որպես դատական համակարգում անխափան գործող կոռուպցիոն բուրգի գլխավոր ճարտարապետ եւ մարտի մեկի գործերով քաղբանտարկյալներին ապօրինի բռնաճնշումների ենթարկելու համար դատական համակարգի օգտագործման գլխավոր համակարգող: Էլ ում ասեմ: Ում անունը տամ: Ով է նորանշանակներից որեւէ բիզնեսի հետ չկապված հրեշտակ՝ Դավիդ Հարությունյանը, թե Կարեն Ճշմարիտյանը: Ուղղակի ժամանակի սղության պատճառով այս խոսակցությունը չեմ շարունակում եւ միայն փաստում եմ, որ այս կառավարության կազմում հայտնի չեն որպես գործարար ընդամենը 4 մարդ: Իշխանության նման որակն,  իհարկե, մեզ համար, նորություն չէ: Բայց մինչեւ վերջերս կար մի հետաքրքիր երեւույթ. իշխանությունը, գիտակցելով միջազգային հանրության մոտ, դեմոկրատական կառույցներում, միջազգային ֆինանսական կառույցներում ընդունելի, դինամիկ, երիտասարդ եւ ինտելեկտուալ իմիջ ունեցող դեմքերով ներկայանալու կարեւորությունը, պահում էր իր առանցքային կոռուպցիոներներին ստվերում, իսկ առանցքային պաշտոններում «դեմ տալիս» քիչ, թե շատ մարդկային դեմք ունեցող կրթված երիտասարդներին: Այսինքն, փորձում էր, թույլ տվեք այսպես ասել, ներկայանալ որպես «ավազակապետություն մարդկային դեմքով»: Այսօր, կոռուպցիայի բրոնտոզավրների բացահայտ նշանակումը առանցքային պաշտոններում կարեւոր շրջադարձային կետ է: Ավազակապետությունն,  ըստ էության,  ստիպված է դեն նետել դիմակները, հրաժարվել երիտասարդ տեխնոկրատներից կազմված կենդանի վահանով պաշտպանվելու քաղաքականությունից, եւ անձամբ ստանձնել օլիգարխիայի դիրքերի պաշտպանությունը: Այս դիմակազերծումն, իրականում, վկայում է այն մասին, որ ռեժիմի վերջին ռեսուրսներն այլեւս սպառված են: Սա օլիգարխիայի վերջին ճիչն է : Ո՞րն է մեր եզրահանգումը. Աստվածաշունչն այդտեղ էլ մեզ մենակ չի թողնում. «Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրում եւ կրակի մեջ է գցվում»: Ժամանակն է վարվել ըստ Աստվածաշնչի, եւ ազատել մեր ազգը այս կործանարար ռեժիմի ճանկերից: Ամեն՛՛:
Լևոն Զուրաբյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չկարողացավ զսպել վրդովմունքը և հորդորեց ՀԱԿ պատգամավորին Սուրբ գրքից հղումներ չանել. ՛՛Չի կարելի այստեղ գալ, դատավորի դեր ստանձնել, գրված է ելույթ ունենալ, ելույթ ունեցեք կոռեկտության սահմաններում: Բայց ինչպես ասում են՝ խոզերի առջև մարգարիտներ շաղ չեն տալիս. դուք ո՞ւր, կոռեկտությունն ո՞ւր՛՛:

Tags: , , ,