Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի ու Ռիգայի միջև ձևավորված փոխգործակցությունն իսկապես հաջողված է ու հաստատված բարեկամական ջերմ հարաբերություններն էլ լավ հիմք են նախանշված բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար. «Վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ այցերը նոր թափ են հաղորդել Երևանի և Ռիգայի միջև բարեկամական ու գործընկերային հարաբերությունների զարգացմանը, որը հիմնված է մեր երկրների և ժողովուրդների բարեկամության վրա: Երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունները տարեցտարի ավելի զարգանում ու ընդլայնվում են, և ես վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել եղբայրացման մասին համաձայնագրով նախանշված բոլոր կետերն ու իրականացնել տարբեր ծրագրեր՝ ի բարօրություն մեր մայրաքաղաքների»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին, կարևորելով Երևանի և Ռիգայի միջև համագործակցության ամրապնդումը, պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում ևս ըստ ամենայնի աջակցել երկու մայրաքաղաքների միջև առկա փոխգործակցությունն ավելի ընդլայնելու հարցում. «Երևանի և Ռիգայի համագործակցությունն իսկապես կարելի է օրինակելի համարել: Երկու մայրաքաղաքների միջև ձևավորված փոխգործակցությունն այսօր ամուր հիմքերի վրա է, և ես, պարոն քաղաքապետ, իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը, որ էլ ավելի ընդլայնվի երկու քաղաքների համագործակցության շրջանակը»,- նշել է Էլիտա Գավելեն:

Հաշվի առնելով, որ Ռիգան այս տարի հռչակված է եվրոպական մշակութային մայրաքաղաք, դեսպանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ քննարկել է նաև այդ համատեքստում Երևանում ևս լատվիական կողմի նախաձեռնությամբ և մասնակցությամբ մշակութային միջոցառում իրականացնելու հնարավորությունը, ինչին ի պատասխան ստացել է քաղաքապետի համաձայնությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: ,