Վահրամ Բաղդասարյանը հարբած պատգամավորների չի նկատել, իսկ Շմայսի արարքը դատապարտում է

Վահրամ ԲաղդասարյանԱյսօր քառօրյայի ավարտի ավանդական ճեպազրույցը ՀՀԿ-ից լրագրողների հետ առաջին անգամ անց էր կացնում խմբակցության նոր ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա ելույթ չունեցավ, փոխարենը առաջարկեց միանգամից անցնել հարցերին: Սակայն հարցերը, որոնք հնչեցին, մի փոքր շփոթության մեջ գցեցին նրան: Բանն այն է, որ դրանից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր ՀՀԿ-ական հարբած պատգամավորների մասին, որոնց «բերման էին ենթարկել խորհրդարան կառավարության ծրագրին կողմ քվեարկելու»:

Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքը նման բան չի նկատել, քանի որ զբաղված է եղել ծրագրի քննարկմամբ: «Մեզ մոտ նման երևույթներ չկան,-ասաց նա,-կառավարության ծրագրից հետո լիներ, էլի հասկանալի կլիներ: Իսկ ընդհանրապես մենք 1-2 ձայնի խնդիր չունեինք, որ նման ձևով քվեարկություն անցկացվեր»:

Այնուհետև լրագրողները Բաղդասարյանին նեղը գցեցին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի  հայտարարությամբ, թե ՕԵԿ անդամ Կարեն Բոթոյանն իրենց խմբակցությունից դուրս է եկել և հայտարարել կառավարության ծրագրին կողմ քվեարկելու մասին, քանի որ նրա վրա ճնշումներ են եղել:

Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ պատգամավորը միգուցե վաղուց մտադրություն ուներ ՕԵԿ-ից դուրս գալու մասին, սակայն այդ պահին դրա մասին բարձրաձայնեց: Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարը դրանք հերքեց` ասելով, որ իրենք նման խնդիր չունեն:

Լրագրողներն այսքանով Վահրամ Բաղդասարյանին հանգիստ չթողեցին և մեկնաբանություն պահանջեցին նաև քառօրյայի ժամանակ որոշ պատգամավորների կողմից ուրիշ փոխարեն քվեարկելու  վերաբերյալ:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ նման բան տեղի չի ունեցել, իսկ երբ ասացին, որ ապացույցներ կան, պահը տեսանկարահանվել է, և կարող են անգամ ցույց տալ, ասաց, որ իրեն ցույց տալու կարիք չկա. «Եթե նման բան եղել է, մենք կքննարկենք և կդատապարտենք»,-ասաց նա:

«Անկախ»-ի դիտարկմանը, թե ինչ կասի ակնհայտ իրողության մասին, որին ականատես են եղել բոլորը, թե ինչպես ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, քառօրյայի ընթացքում երկու անգամ խանգարեց պատգամավորների ելույթները` տեղից բղավելով և պատգամավորին ոչ հարիր վարքագիծ դրսևորելով, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ընդհանրապես, երբ անպարկեշտ արտահայտություններ են հնչում Ազգային ժողովում, ես դա դատապարտում եմ` անկախ նրանից հանրապետական պատգամավոր է, թե ընդդիմադիր: Մենք այդ բոլոր հարցերին անդրադառնում ենք: Դա դատապարտելի է: Ազգային ժողովում նման երևույթներն իմ կողմից ընդունելի չեն, և եթե առաջին քայլը, որ կարողանամ ես ինչ որ բանի հասնել` նաև բանակցելով իմ ընդդիմադիր գործընկերների հետ, այն է, որպեսզի կարողանանք Ազգային ժողովի հեղինակությունը բարձր պահել  և Ազգային ժողովն այլ խնդիրների ու քննարկումների համար չօգտագործել»:

 

Անկախ

Tags: , , ,