Վերջին զանգը՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում

001Երևանի քաղաքապետարանի ենթակայության արվեստի հանրակրթական միակ դպրոցում՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում, Վերջին զանգն ազդարարվել է դեպի նոր կյանք կանչող արվեստի ղողանջներով:

Կրթահամալիր է այցելել և Վերջին զանգի միջոցառումների շրջանակում 12-րդ  ավարտական դասարանների աշակերտների ու առաջինցիների խորհրդանշական հանդիպմանը ներկա գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Միջոցառման ընթացքում հանդիսավորությամբ աշակերտներին և ուսուցչական անձնակազմին է փոխանցվել օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը:

Դպրոցական վերջին դասի գլխավոր միջոցառմանը շրջանավարտները հանդես են եկել մշակութային հարուստ ծրագրով: Կոջոյանցիները հյուրերին նախ դիմավորել են ֆլեշմոբով, ապա ուղեկցել իրենց աշխատանքների ցուցադրության սրահ, որտեղ վառ գույներով ներկայացրել են վերջին ամիսների իրենց ապրումները, սպասումներն ու նպատակները:

Ուշագրավ է, որ ապագա արվեստագետներն իրենց հագուստին ամրացված օրվա խորհրդանիշ  զանգերը պատրաստել էին սեփական  ձեռքերով:

Քաղաքապետի անունից մեկ անգամ ևս շնորհավորելով շրջանավարտներին՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ կրթվելով և դաստիարակվելով արվեստի շնչով՝ կրթահամալիրի սաները որոշակի պարտավորություն են ստանձնում իրենց ներդրումն ունենալ մայրաքաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում:

«Վստահ եմ, որ հանրակրթարանում ձեռք բերած մասնագիտական ունակությունները կգործադրեք ձեր գաղափարների իրագործման ու  սկզբունքների պահպանման համար:  Վստահ եմ նաև, որ հայկական մշակույթի մեջ հանդես եք գալու նոր խոսքով, և մենք տեսնելու ենք ձեզ ոչ միայն որպես անհատների, այլև անհատականություների»,-նշել է Արամ Սուքիասյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Tags: , ,