Ի՞նչ կանի ԲՀԿ-ն, եթե քառյակը որոշի համախմբվել կառավարության հրաժարականի պահանջի շուրջ

Միքայել ՄելքումյանԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ կառավարության ծրագրում 3 հիմնական ցուցանիշ կար` 5 տոկոս տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձի բարձրացում` 65 000 դրամ, աղքատության կրճատում մինչև 10 տոկոս:

Չնայած սրան` ԲՀԿ-ն կառավարության ծրագիրը համարում է հանգրվանային: Պատգամավորը նաև հայտնեց, որ ԲՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկությունների 90 տոկոսը ներառվել է կառավարության ծրագրում, այնուամենայնիվ, մի շատ կարևոր առաջարկ բաց է թողնվել` ծրագրի կառավարման երաշխիքների և պատասխանատվության մասին դրույթը:

Ինչ վերաբերում է ծրագրի քվեարկությանը չմասնակցելուն, ապա ԲՀԿ խմբակցության անդամը հայտարարեց, որ դա քաղաքական բոյկոտ չէր:

Անկախ-ի հարցին, թե այդ դեպքում, եթե քառյակի որոշ անդամներ կրկին առաջարկեն միասնական օրակարգ ձևավորել կառավարության հրաժարականի պահանջի շուրջ, ԲՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում կհայտնի, Միքայել Մելքումյանն ասաց, որ քառյակը դատապարտված չէ բոլոր հարցերում միասնական դիրքորոշում ունենալ, և եթե որևէ հարց տվյալ փուլում առանձին քաղաքական ուժերի այս կամ այն շահերից է բխում, ապա այդ ուժը պետք է տանի իր գիծը. «Քառյակի անդամները պետք է նախ և առաջ լինեն իրենց սկզբունքների մեջ, իսկ եթե կան արմատական հակասություններ, պետք է առաջնորդվեն իրենց սկզբունքներով: ԲՀԿ-ն ունի իր օրակարգը և շարժվում է իր քաղաքական օրակարգով»,-հայտարարեց Միքայել Մելքումյանը:

 

Անկախ

Tags: , , ,