ՀՀ ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հարցերին նվիրված կլոր սեղան-քննարկում Ծաղկաձորում

caxkadzor_01Մայիսի 23-ին Ծաղկաձորում մեկնարկեց ՀՀ ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հարցերին նվիրված երկօրյա կլոր սեղան-քննարկումը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Քննարկման թեմաներն են ՀՀ ոստիկանության բարեփոխումների ներկայիս զարգացումները և ոստիկանության ու հասարակության համագործակցության գնահատումը:
ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համատեղ միջոցառմանը մասնակցում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության, շուրջ երկու տասնյակ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ:
Մասնակիցները քննարկելու են ոստիկանության և ԶԼՄ-ների հարաբերությունների առաջընթացը և առաջարկելու են բարեփոխումներ՝ համագործակցությունն ամրապնդելու համար:
Կլոր սեղանը բացեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ընդգծեց ինչպես ոստիկանություն-հասարակություն համագործակցության, այնպես էլ նման քննարկումների կարևությունը. «Ներկայիս ժողովրդավարական հասարակությունում ոստիկանության աշխատանքի գնահատման հիմնական չափանիշը ոստիկանության հանդեպ հանրային վստահության մակարդակն է: Մեկուսացված, առանց հանրային աջակցության գործող ոստիկանությունը չի կարող արդյունավետ կերպով կանխել հանցագործությունները, ապահովել մարդկանց անվտանգությունը և պահպանել հասարակական կարգը: Այսօրվա քննարկումը կարծում եմ կնպաստի ոստիկանության և հանրության միջև ավելի արդյունավետ փոխըմբռմանը»:
ՀՀ ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը կլոր սեղանի մասնակիցներին փոխանցելով ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի բարեմաղթանքները՝ բարձր գնահատեց ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցությունը. «Այսօրվա կլոր սեղանը հնարավորություն կընձեռի առավել հանգամանալից անդրադառնալ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների իրականացման մի շարք ուղղություններին, բարձրաձայնել այն շոշափելի հաջողությունները, որոնք ձեռք են բերվել առ այսօր և ներկայացնել ապագա ծրագրերը: Նմանատիպ համաժողովի անցկացումը կօգնի բարձրացնել իրազեկվածությունը ոստիկանությունում ընթացող գործընթացների վերաբերյալ, ինչպես և ավելի ամրապնդել հասարակություն-ոստիկանություն կապը և զարգացնել համագործակցությունը զանգվածային լրատվական միջոցների ու հասարակական կազմակերպությունների հետ, վեր հանել այն խնդիրները և բացթողումները, որոնք հաստատ կան մեր աշխատանքում, բայց հաճախ անտեսանելի են մեզ համար, և նախանշել դրանց վերացման ուղղություններն ու եղանակները, և, որն ամենակարևորն է, ստեղծել ու ամրապնդել վստահության մթնորոլրտ»:
Ոստիկանության շտաբի պետն անդրադարձավ նաև ոստիկանության բարեփոխումների ընթացքին և շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Երևանյան գրասեյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, գրասենյակի ողջ անձնակազմին, ինչպես և Միացյալ թագավորության ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնին՝ այս ընթացքում ոստիկանության կողքին լինելու և առարկայական օժանդակություն ցուցաբերելու համար:
Այնուհետև «ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը և շարունակականությունը» թեմայով զեկույցով հանդես եկավ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետ Լիանա Ամիրխանյանը:
Հաջորդած քննարկման ընթացքում կլոր սեղանի մասնակիցները ներկայացրին բարեփոխումների ընթացքի վերաբերյալ իրենց դիտարկումները և գնահատեցին արձանագրված արդյունքները:

Tags: , ,