Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Գերմանիա կատարած այցի շրջանակներում Քյոլնում հանդիպում է ունեցել եվրոպաբնակ թուրքերի հետ: Մոտ 20 հազար թուրք Եվրոպայի տարբեր քաղաքներից թուրքական դրոշները ձեռքներին եկել էին աջակցելու Էրդողանին: Վերջինիս անվտանգության ապահովումը մոտ 300 գերմանացի հատուկ աշխատակիցներ են ստանձնել, իսկ Քյոլնի փողոցները վերահսկել է մոտ 6 հազար հոգանոց անձնակազմ:
Էրդողանը, ելույթ ունենալով հայրենակիցների առաջ, խոսել է նոր Թուրքիայի ուժի և կարողության մասին: «Թուրքիան արդեն հին Թուրքիան չէ: Թուրքիան արդեն ձեր իմացած Թուրքիան չէ: Կամրջի տակով շատ ջրեր են հոսել: Բոլորը ստիպված են ընդունել նոր Թուրքիան: Բոլորը հարկադրված են տեսնել և հանդուրժել Թուրքիան: Ոչ մի երկիր չի կարող մեծամտորեն մեզ ուղղություն ցույց տալ: Ոչ ոք չի կարող նախատել Թուրքիային: Մենք մի երկիր ենք, որը իր առջև նպատակ դնելով անդամակցել ԵՄ-ին, դրա համար անկեղծորեն աշխատում է: Մենք մի երկիր ենք, որը չնայած բոլոր խոչընդոտների, անարդարությունների, վճռականորեն բարեփոխումներ է իրականացնում: Խաղաղությունից, ժողովրդավարությունից, իրավունքից, մարդկային կենսապայմաններից բացի մենք այլ նպատակ չունենք»,-հայտարարել է Էրդողանը:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետը Քյոլնում իր ելույթից հետո վերադարձել է Թուրքիա՝ չհանդիպելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
