Ստամբուլում նոր հայկական դպրոց կկառուցվի

dproc  Ստամբուլի հայաշատ Բաքըրքյոյ թաղամասում նոր հայկական դպրոց է կառուցվում: Մոտ 500 աշակերտի համար նախատեսված դպրոցը սեպտեմբեր ամսին իր դռները կբացի նոր ուսումնական տարվան ընդառաջ: Հայկական նոր դպրոցի բացումը առաջինը կլինի հանրապետական Թուրքիայի պատմության մեջ, քանզի 1965 թ. Հատուկ կրթական հաստատությունների վերաբերյալ թիվ 625 օրենքով օտարերկրացիներին և փոքրամասնություններին արգելվել էր դպրոցներ հիմնել:

Դպրոցի շինարարությունը ֆինանսավորվում է հայ համայնքի կողմից: Նոր դպրոցը կկոչվի Տատյան, որը, ըստ էության, կդառնա Ստամբուլում գործող պատմական Տատյան դպրոցի նոր մասնաշենքը: Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի տնօրեն Մեսութ Օզդեմիը նշել է, որ 170 տարվա պատմություն ունեցող դպրոցը արդեն չի համապատասխանում իրենց կարիքներին: Նոր շենքի կառուցումը նպատակ ունի դպրոցի 400 աշակերտների համար կրթության ժամանակակից պայմաններ ապահովել:

Նոր դպրոցի շինարարության տարածքում հին դպրոցի մի շենք կա, որը դիմաց հայկական եկեղեցի է գտնվում: Չնայած տարածքը պատկանում է հայկական համայնքին, այնուհանդերձ այն հանդիսանում է ժամանակին բռնագրավված համայնքային գույք, որը, առայժմ չի վերադարձվել: Օզդեմիրի խոսքերով՝ Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշի և Բաքըրքյոյի նախկին թաղապետ Աթեշ Ունալ Էրզենի համաձայնությամբ իրենք կարող են օգտագործել տարածքը:

Մոտ 1750 քառ. մետր տարածքում կառուցվող դպրոցը 300 հոգու համար նախատեսված դահլիճ կունենա, ինչպես նաև ընդարձակ մարզասրահ: Արդյունքում դպրոցական հասակի մոտ 3000 երեխա ունեցող հայ համայնքը նոր ուսումնական տարին կդիմավորի նոր դպրոցով:

Նշենք, որ այսօր Ստամբուլում գործում է 16 հայկական դպրոց՝ 14 առաքելական և 2 կաթոլիկ: Թաքսիմում տեղակայված Եսայան հայկական վարժարանը, Սամաթիայում գտնվող Սահակյան-Նունյան վարժարանն ու Պանգալթըի հայկական նախակրթարանն ու լիցեյը (կաթոլիկ) տալիս են եռաստիճան կրթություն՝ մանկապարտեզ, նախակրթարան և լիցեյ: 12 դպրոց նախակրթարան են համարվում, որտեղ տրվում է 8-ամյա կրթություն: Դրանք են՝ Բեզգյան, Տատյան, Մերամեթչյան, Արամյան-Ունջյան, Լևոն Վարդուհյան, Եշիլքյոյ, Քարագյոզյան, Թարգմանչաց դպրոցները, Գալֆայան ճեմարանը և կաթոլիկ դպրոցները՝ Սամաթիայի Անարատ հղության  և Բոմոնթիի Մխիթարյան: Միայն հայկական երկու վարժարան՝ Կեդրոնականն ու Սուրբ Խաչ Դպրեվանքը ունեն լիցեյի, այսինքն ավագ դպրոցի կարգավիճակ, որտեղ կրթությունը 3-ամյա է:

Tags: , ,