Արտագաղթի մեջ վատ բան չկա, եթե այն կառավարելի է. սոցիոլոգ

ադիբեկյան«Արտագաղթի մեջ վատ բան չկա, եթե կառավարելի է», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, օրինակ բերելով Թուրքիային. “Այդ պետությունը կարողանում է կառավարել արտագաղթը և անգամ իր օգտի համար ծառայեցնել դա”: Թուրքիան անգամ օրենսդրական պայմանավորվածություն ունի Գերմանիայի հետ այդ հարցում: Իսկ Իսրայելի ջանքերով ստեղծվել է անգլո-իսրայելական բանկ, որը  մոտ 1.5 մլրդ դոլար է փոխանցում Իսրայելին ամեն տարի:

 

Հայաստանում ամենաշատը գաղթում են այն շրջաններից, որտեղ նախկինում` Խորհրդային միության տարիներին եղել են գործարաններ, որոնք այժմ չեն գործում: Այդ մարզերն են Լոռին և Վանաձորը: Արտագաղթի մակարդակը բարձր է նաև Գեղարքունիքում: Համեմատաբար այդ տվյալները քիչ են Կապանում, քանի որ այնտեղ կան գործարաններ, որոնք ունեն աշխատուժի կարիք: Հայերը գաղթում են դեպի Ռուսաստան, Ուկրաինա, Եվրոպական երկրներ և ԱՄՆ: Սակայն վերջին երկրում այնքան էլ հեշտ չէ բնակություն հաստատելը. այդ քայլին հիմնականում դիմում են բարձր որակավորում ունեցող մասնագետները, բազմազավակ ընտանիքները և թոշակառուները, որոնք կարող են ապրել իրենց նպաստների հաշվին:

 

Արդեն երկար տարիներ հայերի համար արտագաղթի հիմնական երկիրն է համարվում  Ռուսաստանը; Ամեն 6-րդ ընտանիք ապրում է այնտեղից ուղարկված գումարների հաշվին: «ՌԴ միգրացիոն վերջին օրենքը հայերի դեմ չէ, և պետք չէ խուճապի մատնվել», – նշեց Ահարոն Ադիբեկյանը, նկատի ունենալով ՌԴ միգրացիոն օրենսդրության  փոփոխությունները, որոնց  համաձայն օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն մնալ Ռուսաստանի Դաշնությունում ոչ ավելի, քան 3 ամիս՝ 90 օր, որից հետո պետք է լքեն երկիրը: Վերադառնալու իրավունք կստանան միայն ևս 3 ամիս հետո: «Ռուսաստանի Դաշնության իշխանությունները դեմ չեն իրենց երկրի տարածքում հայերի բնակությանը: Անգամ վերջերս, երբ ՌԴ Պետական Դումայում քննարկվում էր կորեացիների և չինացիների ներգաղթի հարցը, մի պատգամավոր ասաց, որ չինացիների և կորեացիների դեմը կարող են առնել միայն հայերը, և առաջարկվեց, որ խրախուսվի հայերի բնակեցումը Վլադիվոստոկում և հարակից շրջաններում»,- ասաց սոցիոլոգը: Ըստ նրա ` Հայաստանում պետք կառուցվեն մի քանի գործարաններ, որոնք հնարավորություն կտան ՀՀ քաղաքացիներին մնալ Հայաստանում:

Անկախ