Ադրբեջանում նախագահական ընտրությունների ընթացքում կիրառված կեղծարարությունների մասին զեկույց ներկայացրած Մամեդլին ազատազրկման է դատապարտվել

5Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը այսօր` մայիսի 26-ին, Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիին 5.5 տարվա ազատազրկման է դատապարտել:

Նույն հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանլըն ևս դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման և ձերբակալվել է հենց նիստի դահլիճում: Պայմանականորեն` 2 տարվա փորձաշրջանով, նույն պատժաչափն է ստացել նաև “Կամավորների միջազգային համագործակցություն” հասարակական միավորման ղեկավար Էլնուր Մամեդովը:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը, նրանք մեղավոր են ճանաչվել հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափերով գույքի յուրացման և կեղծարարության մեջ:

Վերոնշյալ քրեական գործը հարուցվել էր դեռևս 2013թ. հոկտեմբերին: Մամեդլին դեկտեմբերի 17-ին կալանքի տակ էր վերցվել, իսկ մյուս երկուսը քաղաքը չլքելու ստորագրությամբ բաց էին թողնվել: Ձերբակալության իրական պատճառը Ադրբեջանում 2013թ. հոկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների ընթացքում կիրառված կեղծարարությունների մասին զեկույցն է: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մամեդլիին “խղճի բանտարկյալ” է ճանաչել:

Անկախ

Tags: ,