Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրողի մայրը դիմել է Ալիևին

Ռաուֆ ՄիրկադիրովԱդրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի մայրը՝ Ռաուֆա Միրկադիրովան, դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ, առաջին տիկին Լեյլա Ալիևային:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, Ռաուֆա Միրկադիրովան խնդրել է երկրի ղեկավարությանը իր որդուն ազատ արձակել: “Շատ եմ խնդրում Ձեզ, իմ որդին պարզ և մաքուր մարդ է: Խնդրում եմ՝ հաշվի առեք դա և ազատ արձակեք նրան: Ներեք նրան. նա երիտասարդ է, հայրը մահացել է, մայրն էլ շատ ծեր է”,- նշել է Ռաուֆ Միրկադիրովի մայրը:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ի առավոտյան մահացել է Ռաուֆ Միրկադիրովի 84-ամյա հայրը` Հաբիբուլա Միրկադիրովը: Մայիսի 23-ին լրագրողի հայրական տանն անցկացված խուզարկությունը, որի ընթացքում հետաքննության համար կարևորություն ներկայացնող որևէ բան չի հայտնաբերվել, լրջորեն ազդել է տարեց մարդու առողջության վրա: Հաբիբուլա Միրկադիրովի մահվան կապակցությամբ Ռաուֆ Միրկադիրովին թույլ են տվել մասնակցել հոր հուղարկավորությանը:

Ռաուֆ Միրկադիրովը վերջին տարիներին Անկարայում է բնակվել: Ապրիլի 17-ին նրան, առանց որևէ բացատրությունների, զրկել են հավատարմագրումից և արտաքսել Թուրքիայի տարածքից: Բաքու ժամանելուն պես՝ ապրիլի 19-ին, Միրկադիրովն անմիջապես օդանավակայանի տարածքում ձերբակալվել է: Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Լրագրողն ինքը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:

Tags: ,