Էդմոն Մարուքյան. Դատարանը հիմնականում որոշ փաստաբանների համար դարձել է ներպետական ատյանը սպառելու հերթական միջոց . Փաստինֆո

էդմոն մարուքյանՎերջերս հանրության դատին է հանձնվել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որում կան նաև դատական համակարգին վրաբերող դրույթներ:

Դրանց վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին անդամ Էդմոն Մարուքյանը հետ:

- Ինչո՞վ էր վատ եռաստիճան դատական համակարգը և ինչքանո՞վ արդարացված կլինի վերադարձը երկաստիճան համակարգին: 

-Ճիշտն ասած՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ամբողջությամբ չի բացահայտում, թե ի՞նչ համակարգ է առաջարկվում: Ուղղակի տարբերակներ են քննարկվում: Եվ ինձ համար անհայտ է մնում, թե երկաստիճան համակարգ ասելով մենք ի՞նչ ենք հասկանում: Եթե խոսքն ուղղակի վճռաբեկ դատարանը վերացնելու մասին է, ես կարծում եմ, որ ավելի լուրջ հիմնավորումներ պետք է բերվեն:

Այս փուլում ես հասկանում եմ, որ այսօրվա եղած եռաստիճան դատական համակարգն իրեն չի արդարացնում, և մենք ունենք կրկնություններ: Հայաստանի Հանրապետությունը, լինելով ոչ հարուստ երկիր, չի կարող իրեն թույլ տալ պետության վրա շատ թանկ նստող արդարադատության համակարգում ունենալ կրկնություններ: Ի՞նչ է սա նշանակում: Օրինակ, երբ գործը քննում է վերաքննիչ դատարանը, սակայն այն քննում է վճռաբեկության կանոններով, որից հետո դու նորից իրավունք ունես վճռաբեկ բողոք բերելու, և հնարավոր է, որ նույն գործը նորից քննության առարկա դառնա հիմա էլ վճռաբեկ դատարանում՝ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանն արդեն իսկ գործը քննել է վճռաբեկության կանոններով: Նմանատիպ օրինակները շատ են: Ըստ էության, ես առաջին հերթին ավելի շատ խնդիր տեսնում եմ վերաքննիչ դատարանում:

Հիմնական արդարադատությունն իրականացվում է, բնականաբար, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում: Դրանից հետո մենք ունենք վերաքննիչ դատարան: Եթե ես հետ գնամ իմ երկու տարի առաջվա պրակտիկային, քրեական գործերով չեմ հիշում ռեալ քննություններ: Վերաքննիչ դատարանում դրանք հիմնականում ձևական բնույթ էին կրում: Ավելին՝ չի եղել դեպք, երբ ես չբողոքարկեմ կալանքների հետ կապված որոշումները, և չունեմ մի դեպք, որ վերաքննիչ դատարանը որևէ կերպ ըստ էության դրան անդրադառնա և առաջին ատյանի որոշումը վերանայի իր որոշումով: Այսինքն՝ եղել են «copy/paste» որոշումներ, այն է՝ խափանման միջոցը կալանք կիրառելու երկամսյա այդ որոշումները միշտ թողնվել են նույնը:

Հիմա այս մակարդակում պահել մի ամբողջ դատական համակարգ ու ասել, որ մենք ունենք եռաստիճան դատական համակարգ, բնականաբար, ճիշտ չէ: Մենք չենք կարող ասել, որ մեր քաղաքացիների վճարած հարկերն այս մասով ճիշտ են ծախսվում: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ, այո՛, պետք է վերանայվի այս համակարգը, բայց թե ի՞նչ ձևով, քննարկման ենթակա հարցեր են՝ պետք է  կրճատվեն ատյաննները եռաստիճանից երկաստիճանի, թե՞ եռաստիճանը պահպանել, բայց հստակեցնել նրանց գործառույթները, լիազորությունների շրջանակը:

Մյուս խնդիրը վերաբերում է այն երկար քննարկվող վեճին, որ վճռաբեկ դատարանը փաստերի՞ դատարան է, թե՞ իրավունքի, վերաքննիչ դատարանը փաստերի և իրավունքի՞ դատարան է, թե՞ ..: Այս հարցերը պետք է հստակեցվեն: Տարբեր մոտեցումներ կան:

Առաջին մոտեցումը հետևյալն է.  վճռաբեկ դատարանը չպետք է ընդունի շատ գործեր և նրա կայացրած որոշումները պետք է լինեն այնպիսի որոշումներ, որ երկրի ամբողջ իրավաբանական համայնքը դրանց ծանոթ լինի: Հիմա վճռաբեկ դատարանը տարեկան այնքան շատ որոշումներ է կայացնում, որ ասել, թե բոլորը կարդում են այդ որոշումները, բնականաբար, սխալ կլինի: Այսինքն՝ մենք իրավունքի դատարան  ունենալու տեսլականը, թե նա ամեն գործ չպետք է վերցնի ու քննի, այդպես էլ կյանքի չկոչեցինք:

Նաև խնդիր է, որ վճռաբեկ դատարանի հետ կապված տարբեր պատկերացումներ կան: Որոշ շրջանակներ պատկերացնում են, որ վճռաբեկ դատարանը պետք է իրականացնի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի ֆունկցիան: Մինչդեռ՝ Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք առանձին Սահմանադրական դատարան, իսկ ԱՄՆ-ում Գերագույն դատարանը և՛ ամենաբարձր դատական ատյանն է, և՛ սահմանադրական արդարադատություն է իրականացնում: Այստեղ բերել և փորձը կիրառել, նույնականացնել, չի ստացվի և չստացվեց:

Այս առումով մենք ունենք լուրջ խնդիրներ: Վերաքննիչ դատարանը պետք է պահպաներ այն մակարդակում իր դիրքը, որ լիներ փաստերի դատարան, այսինքն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննարկված փաստերը նորից կարող էին վերանայվել և քննարկվել վերաքննիչ  դատարանում, իսկ վճռաբեկ դատարանը իրավունքի դատարանի իր առաքելությունն իրականացներ, օրենքի միատեսակ կիրառությունն ապահովվեր: Բայց հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ ամեն ինչ խառնված է:

Իմ դժգոհությունն առաջին հերթին վերաքննիչ դատարանից է, որովհետև բազմաթիվ գործերով, բազմաթիվ դեպքերով  ես հասկացել եմ, որ դատական համակարգի մի հատվածը ինչ-որ անիմաստ թղթաբանություն է, որտեղ արդարադատություն չի իրականացվում: Հատուկենտ գործեր ես գիտեմ, որ վերաքննիչ դատարանում վերանայվել են: Ո՞րն է այդ դատարանի միսսիան:

Եթե նայենք սպառման առումով, հիմնականում որոշ փաստաբանների համար դա դարձել է ներպետական ատյանը սպառելու հերթական միջոց՝ սպառել ատյանները. առաջին ատյանից հետո անպայման գնալ վերաքննիչ, հետո գործը պարտադիր բերել վճռաբեկ, որ մերժվեն բոլոր որոշումներով, որովհետև որևէ մեկը որևէ բան չի էլ ակնկալում, և գործը հասցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ասել, որ ես սպառել եմ ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցները:

Սրանք խնդիրներ են, որոնք նաև, կարծում եմ, թե ուղղակի, թե անուղղակի տողատակերով արծարծվել են այս հայեցակարգում: Բայց, թե ինչ լուծումներ կտան, դա քննարկման առարկա է: Ամեն իրավաբան իր տեսլականն ունի, թե ինչպիսին պետք է լինի դատական համակարգը:

 - Հայեցակարգում տեղական դատարանների մասին միտք է առաջ քաշվում:  Դրանք հատուկ, մասնագիտացված գործառույթներով  պետք է օժտված լինեն մինչդատական վարույթում դատական հսկողությունն ապահովելու համար: Նպատակը առաջին ատյանի դատարանները բեռնաթափելն է:  Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

- Ըստ էության, խնդիր չեմ տեսնում: Հնարավոր է նման բան կազմակերպել՝ և բավականին արդյունավետ ձևով: Գաղափարը բավականին երկար ժամանակ քննարկվում է: Նորույթ չի ինձ համար: Խոսքը մինչդատական վարույթի հետ կապված բազմաթիվ հարցերի մասին է, երբ դատարանը հսկողություն է իրականացնում: Այս մասով գոնե կարելի է առանձնացնել և այդ գործառույթը, տալ, պայմանական ասված, տեղական դատարանին: Ասենք անձի նամակագրության, անձնական հեռախոսազրույցների գաղտնիության իրավունքի հետ կապված բազմաթիվ միջնորդություններ են լինում, և դատարանը պետք է քննարկի, որոշումներ կայացնի: Մյուսը՝ խափանման միջոցների, խուզարկությունների հետ կապված:

Այսինքն՝ մի ամբողջ ոլորտ, որ կարելի է կարգավորել տեղական դատարանների միջոցով և այս բեռը վերցնել ընդհանուր իրավասության դատարանների վրայից: Թողնել, որ ընդհանուր իրավասության դատարանը զբաղվի ընդհանուր արդարադատությամբ՝ ըստ էության գործերը քննելով, իսկ մինչդատական վարույթի վերահսկողությունը հանձնել տեղական դատարաններին:

Իմ պատկերացմամբ, այդ տեղական դատարաններն առանձնացված են լինելու առաջին ատյանի դատարանների մեջ:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Tags: ,