Ադրբեջանում բիզնեսի համար պայմաններ չկան. The Economist Intelligence Unit

2Միջազգային ամենաազդեցիկ հետազոտական կենտրոններից The Economist Intelligence Unit-ը ներկայացրել է աշխարհի երկրների բիզնես միջավայրերի մասին ամենամյա զեկույց, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը։

Համաձայն փորձագիտական գնահատականների՝ Ադրբեջանում բիզնեսի զարգացման համար պայմաններն անբավարար են գնահատվել, և երկիրը վարկանիշային աղյուսակում Պակիստանի հարևանությամբ է տեղ գտել։

Կենտրոնի հետազոտությունը անցկացվում է 5 տարին մեկ և նպատակ ունի որոշել պայմաններն աշխարհի բոլոր երկրներում բիզնեսի ազատ և հաջող զարգացման համար։

Զեկույցում բիզնեսի զարգացման համար պայմանները որոշվում են 10 ցուցանիշով. քաղաքական կայունություն, շուկայական պայմաններ, ազատ շուկայի քաղաքականություն, ներդրումային քաղաքականություն, արտաքին առևտուր, արժութա-վարկային քաղաքականության նկատմամբ վերահսկողություն, հարկային համակարգ, ֆինանսական կառույցներ, աշխատող ռեսուրսներ և ենթակառուցվածքներ։

Համաձայն փորձագետների գնահատականների՝ բիզնեսի զարգացման տեսանկյունից ամենահրապուրիչը Սինգապուրն է։ Հենց հաջող և հետևողական բարեփոխումների շնորհիվ է Սինգապուրին հաջողվել ամենալավ արդյունքը գրանցել։ Սինգապուրից հետո ավելի լավ է բիզնեսը զարգանում Շվեդիայում և Հոնկոնգում։ Առաջին տասնյակում են ներառվել նաև Ավստրալիան, ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Դանիան:

Ըստ կայքի՝ Վրաստանն ու Հայաստանն առհասարակ ուսումնասիրվող երկրների ցանկում ներառված չեն։ Ադրբեջանը զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 73-րդ տեղը՝ հանդես գալով այնպիսի երկրների հարևանությամբ, ինչպիսիք  են Եգիպտոսը, Բանգլադեշը, Արգենտինան, Մարոկկոն, Թունիսն ու Էկվադորը։

Բացի Ադրբեջանից, Ռուսաստանից և Ղազախստանից, ԱՊՀ որևէ երկիր վարկանիշային աղյուսակում ընդհանրապես չի հայտնվել։

Tags: , ,