Եթե աշխատաշուկան չի մոտենում բուհին, տեղի է ունենում հակառակը

05-26-2014 AshxatashukaՀայաստանյան մի քանի խոշոր բուհեր միավորվում են՝ աշխատաշուկան համալսարաններին մոտեցնելու համար:

ԵՊՀ-ում անցկացվեց «Աշխատաշուկայի և բարձրագույն կրթության արդի փոխգործակցության խնդիրները» խորագրով հանրապետական գիտագործնական հանդիպում:

Հանդիպմանը մասնակցում էին հայաստանյան մի շարք բուհերի՝ կարիերայի հարցերով պատասխանատու կառույցների ղեկավարներ, բիզնես միությունների և պետական կառույցների ներկայացուցիչներ: Հավաքի նպատակն էր աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության հարցերի վերաբերյալ միջբուհական փոխգործակցության հեռանկարների ձեռքբերման և համալսարան-ձեռնարկություն համագործակցության խնդիրների քննարկումը:  «Տասը տարուց ավելի է՝ սրա մասին արդեն խոսում ենք, փորձում ենք ելքեր գտնել բուհ-ձեռնարկություններ փոխգործակցության զարգացման համար: 21-րդ դարի կրթությունն առանց դրա չի կարող գոյատևել: Լավ հասկանում ենք, որ աշխատաշուկան մեր հանրապետությունում դեռևս լավ զարգացած չէ, բայց մենք էլ մեղքի մեր բաժինն ունենք: Անհրաժեշտ է, որ գործարար աշխարհը բուհերին օգնի ոչ այնքան նյութապես, որքան մեթոդական առումով, ձեռք մեկնեն նոր մասնագիտություններ ներմուծելու հարցում, օգնեն դրանցով համապատասխան մասնագետներ պատրաստելու գործում և այլն»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Մայր բուհի ռեկտորը, սակայն, նշում է, որ շատ դեպքերում հենց բուհերը հետաքրքրություն չեն ցուցաբերում գործարար ոլորտի հետ համագործակցելու ուղղությամբ: Հետևաբար քիչ ուշադրության են արժանանում միջմասնագիտական մասնագիտությունները, մինչդեռ այսօրվա աշխատաշուկան պահանջում է այնպիսի մասնագետներ, որոնք երկու և ավելի մասնագիտությունների են տիրապետում:

«Այս տարվանից փորձ ենք անում փոխել աշխատաշուկայի կարգավորման պետական քաղաքականությունը: Այսօր մեր բնակչության 1/3-ն աղքատ է, աշխատաշուկայում պահանջարկ-առաջարկի լուրջ անհամապատասխանություն կա, գործազրկության մակարդակը տատանվում է 17-18%-ի սահմաններում, իսկ երիտասարդների գործազրկության մակարդակը վաղուց հատել է 20%-ը, որը վտանգավոր ցուցանիշ է»,- հանդիպման ընթացքում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը՝ հավելելով, սակայն, որ մյուս կողմից էլ աշխատաշուկայում կա որակյալ մասնագետների պակաս, որը չի հաջողվում համալրել:

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ հյուրերին ներկայացրեց, թե վերջին տարիներին ԵՊՀ-ն ինչ աշխատանք է կատարել աշխատաշուկան բուհին մոտեցնելու ուղղությամբ: «ԵՊՀ գիտխորհրդի կողմից ընդունվել է ձեռնարկությունների հետ համագործակցության հայեցակարգ, ստեղծել ենք նաև գիտխորհրդին կից ձեռնարկությունների հետ համագործակցությունն ապահովող մշտական հանձնաժողով, որը ղեկավարում է ռեկտորը, իսկ քարտուղարությունն իրականացնում է Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը: Ունենք նաև այլ ստորաբաժանումներ, որոնք գործի բերումով համագործակցում են ձեռնարկությունների հետ»,- նշեց պարոն Մարկոսյանը՝ տեղեկացնելով, որ ԵՊՀ-ում և մի շարք այլ բուհերում «TEMPUS» ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ձեռարկությունների հետ համագործակցության պորտալ:

Մեկ այլ ծրագրի շրջանակում էլ ստեղծվելու է շրջանավարտների տվյալների բազա, որից գործատուները հնարավորություն կունենան ընտրելու իրենց անհրաժեշտ մասնագետներին:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև քննարկում. հավաքվածներից մի քանիսը ներկայացրին իրենց մտահոգությունները, բացերը, որոնք թույլ չեն տալիս զարգացնել նշված համագործակցությունը, ինչպես նաև առաջարկեցին կոնկրետ քայլեր:

Վերջում հայաստանյան 9 բուհերի՝ ԵՊՀ-ի, Երևանի պետական տնտեսագիտական, Հայաստանի պետական ճարտարագիտական, Երևանի Վ. Բրյուսով անվան պետական լեզվաբանական, Հայաստանի ամերիկյան, Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանների՝ կարիերայի հարցերը համակարգող կառույցների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: «Համագործակցության հիմնական շրջանակներն են ամենամյա հանրապետական միջբուհական աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը, գիտաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների իրականացումը, տեղեկատվության փոխանակումը և այլ ծրագրերի մշակումը: Քանի որ նախաձեռնողը ԵՊՀ-ն էր, այս տարվա աշխատանքի հանրապետական տոնավաճառը կանցկացվի մեզ մոտ»,- նշեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

Tags: , ,