Մայիսի 30-ին մեկնարկում է Cartoon Non-Stop համերգային ծրագիրը

Սերգեյ ՍմբատյանՀայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մայիսի 30-ին,  31-ին և հունիսի 1-ին Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Cartoon Non-Stop բացառիկ համերգային ծրագրով, որի ընթացքում կհնչեն ամենահայտնի և սիրված մուլտֆիլմերի երաժշտությունները։

 

Cartoon Non-Stop-ը դեռ 2012-ին մեծ հետաքրքրություն առաջացրած  Hollywood Non-Stop համերգաշարի շարունակությունն է։ «Եթե Hollywood Non-Stop-ը նպատակ ուներ դասական երաժշտության ոլորտում ներգրավել երիտասարդներին, ապա նոր ծրագրով մեր թիրախը երեխաներն են։ Բոլոր այն երեխաները, որ կգան համերգին իրենց ծնողների հետ, կհեռանան արդեն պատկերացում կազմելով, թե ինչ է սիմֆոնիկ երաժշտությունը »,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

 

Ծրագրում ներառված են այնպիսի աշխարհահռչակ մուլտֆիլմերի երաժշտություններ, ինչպիսիք են «Վարդագույն հովազը», «Առյուծ արքան», «Գեղեցկուհին և հրեշը», «Մոխրոտը», «Մադագասկարը», «Շրեկը». «Ալադդինը» և այլն։ Սերգեյ Սմբատյանը խոստացավ, որ կլինեն նաև հետաքրքիր անակնկալներ։ «Բոլորը հոլիվուդյան արտադրության ֆիլմերից են։ Երաժշտության ընտրությունը շատ բարդ գործընթաց էր, քանի որ կան շատ հրաշալի մուլտֆիլմեր, որ հարուստ չեն բազմերանգ սիմֆոնիկ երաժտությամբ, և հակառակը. կան շատ գեղեցիկ երաժշտություն ունեցող մուլտֆիլմեր, որոնք, անձամբ ես, անկեղծ ասած, այնքան էլ չեմ հասկանում»,- նշեց Սերգեյ Սմբատյանը։ Մուլտֆիլմերի ընտրությունը կատարվել է նաև սոցցանցերում տեղադրված հարցման արդյունքում։

Այս անգամ ևս կատարումները կուղեկցվեն համապատասխան մուլտֆիլմերի տեսահոլովակներով և լուսաձայնային էֆֆեկտներով։

Դիրիժորը հայտնեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում այս տարի արդեն հայկական ֆիլմերը պրոպագանդող համերգային ծրագիր անցկացնելու ուղղությամբ։

ՀՊԵՆ –ի տնօրեն Սոնա Տեր-Հովակիմյանը հայտնեց, որ մայիսի 31-ին ՝ ժամը 14։00-ին տեղի կունենա մեկ լրացուցիչ՝ բարեգործական համերգ, որին ներկա կգտնվեն այն երեխաները, որոնք ի վիճակի չեն ներկա գտնվելու մյուս համերգներին։

Անկախ

Tags: ,