Շավարշ Քոչարյան. Ադրբեջանի ղեկավարությունն այդպես էլ չհասկացավ, որ պետության ուժը հարևան երկրի բնակչության նկատմամբ ատելության մեջ չէ

շավարշ քոչարյանԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանը “Արմենպրես” գործակալության հարցին

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` երեկվա ելույթի` ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մասը:

Պատասխան. Ադրբեջանի նախագահի պնդմանը հակառակ, Բաքուն իրականում դրել է Ադրբեջանի և ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական հակամարտության հիմքը, այլ ոչ թե հակամարտության կարգավորման հիմքերը: Բաքուն դրեց ցեղասպանական քաղաքականության հիմքը` արտահայտված Ադրբեջանի տարածքում հայ բնակչության զանգվածային ջարդերով, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում և հենց Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությանը` սանձազերծելով լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:
Ադրբեջանի կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված միակ քայլը ձեռնարկվել է 20 տարի առաջ` Հեյդար Ալիևի կողմից, ով գնաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ուղիղ երկխոսության, 1993 թվականի սեպտեմբերի 3-ին սեփական ստորագրությամբ լիազորելով Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ա. Ջալիլովին` «բանակցություններ վարել Ադրբեջանի և ԼՂՀ-ի բարձրագույն ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար»:
1993 թվականի սեպտեմբերի 25-ին Մոսկվայում Հ. Ալիևի և ԼՂՀ ղեկավարի միջև կայացած հանդիպումը դրեց բիշքեկյան արձանագրության և 1994 թվականի մայիսին ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև անժամկետ զինադադարի հաստատման հիմքը, որին միացավ նաև Հայաստանը:
Ադրբեջանի այսօրվա նախագահը չի կարող չհասկանալ, որ Ադրբեջանն ի դեմս իր հոր` ԼՂՀ-ն ճանաչելով նվազագույնը որպես հակամարտության կողմ, նպաստել է բանակցային գործընթացում միակ իրական առաջընթացին:
Ակնհայտ է դառնում, որ չափազանց գովաբանելով իր հորը, իսկ ըստ էության «խաչ քաշելով» նրա ձեռնարկների վրա, Ադրբեջանի գործող նախագահը ոչ միայն տորպեդահարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, այլև ուղիղ պահանջներ հնչեցնելով Հայաստանի տարածքների նկատմամբ` սահմանում է նոր զինված հակամարտության հիմքերը:
Եվ այդ ամենը հանուն սեփական նպատակի` պահպանելու բռնատիրական և կոռումպացված հակաազգային ռեժիմը, ապարդյուն փորձերի միջոցով պետական մակարդակով ադրբեջանական հասարակությանը համախմբելով հայերի նկատմամբ ռասիստական ատելություն սերմանելու շուրջ:
Նման ռազմատենչ քաղաքականության հետևանքները լավ հայտնի են, և այդ ուղղությամբ նոր արկածախնդրությունը կունենա աղետալի հետևանքներ, առաջին հերթին, հենց Ադրբեջանի համար: Ադրբեջանի ղեկավարությունը, շարունակելով բռնանալ սեփական ժողովրդի նկատմամբ, այդպես էլ չհասկացավ, որ պետության ուժը հարևան երկրի բնակչության նկատմամբ ատելության մեջ չէ, այլ սեփական ժողովրդի հանդեպ` սիրո:

Tags: ,