Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանի պապը` Վասիլ Վերանյանը, եղել է հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, Առաջին համաշխարհային տարիներին հայ կամավորական չորրորդ գունդը ղեկավարած, Սարիղամիշի ճակատամարտի մասնակից Արշակ Գավաֆյանի` Քեռու, թիկնապահներից մեկը: Արծրուն Հովսեփյանը, որին անցած շաբաթ օրը ՀՀԿ 15-րդ համագումարում իր ելույթում հիշատակեց Հանրապետության նախագահը, հիշում է, որ պապը իր հետ տուն էր բերել և սրբությամբ պահպանում էր Արշակ Գավաֆյանի հրացանի սվինը: ՙՙՈվ գիտի` քանի թուրք էր սատկացրել էդ սվինը: Դա ի պահ էր տրված մեր գյուղի թանգարանին, որն այսօր, ցավոք, չի գործում: Իսկ այդ մասունքը ի թիվս թանգարանային մնացած արժեքների, այժմ Դիլիջանի թանգարանի նկուղներում է՚՚,-Անկախի թղթակցի հետ զրույցում պատմել է գոշեցի Արծրուն Հովսեփյանը: Նա, ի դեպ, Արցախյան ազատամարտի մասնակից է, հայ-ադրբեջանական պատերազմի տարիներին պայքարել է Նոյեմբերյանի, Շամշադինի դիրքերում, մասնավորապես սահմանամերձ Չինարիում և Այգեձորում: Արծրուն Հովսեփյանը մշտապես հետևում է հեռուսալուրերին: Հանրապետական համագումարի օրը սակայն մինչև կդիտեր ու կլսեր նախագահ Սարգսյանի ելույթը, մտերիմներից մեկն է զանգահարել ու ասել, որ իր անունը հնչեցվել է: ՙՙԹե երկրի, թե մարզային իշխանությունները գիտեին իմ խնդիրը, զանգահարել են, հետաքրքրվել, թեև մեր` սողանիքց փլված տան 10 տոկոսի չափով են փոխհատուցում տվել, ինչի շնորհիվ մասամբ լուծվել է մեր տանիքի խնդիրը՚՚: Արծրուն Հովսեփյանի խոսքով, Գոշում տների արժեքը բավականին բարձր է` պայմանավորված գյուղի զբոսաշրջային հնարավորություններից: Ըստ Հովսեփյանի,
Գոշավանք է տարեկան այցելում մոտ վեց հարյուր զբոսաշրջիկ: ՙՙԵթե 1980-ականներին իմ հիմնադրած թանգարանը գործեր, որի դռները փակվել են 2013-ի դեկտեմբերին, այցելուների նման մեծ քանակ կունենար, և թանգարանն անգամ պետական ֆինանսավորման կարիք չէր ունենա՚՚՚: Արծրուն Հովսեփյանն ապրում է կնոջ, որը գյուղի դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհին է, որդու, հարսի և թոռնիկի հետ: Նա նշում է, որ Հանրապետության նախագահի հետ հանդիպելու բազմիցս առիթներ եղել են: Թանգարանային գործունեությամբ զբաղված մտավորականը պատմում է, որ իր կյանքում հաճելի պահեր շատ են եղել, մասնավորապես ` նա հիշում է ռուս կոմպոզիտոր Շուստակովիչի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Սոս Սարգսյանի, Հովհաննես Շիրազի ու Պարույր Սևակի հետ հանդիպումները հենց Գոշում: Արծրուն Հովսեփյանի ցանկությունն այժմ իր հիմնադրած թանգարանի վերաբացումն է հայրենի Գոշում և Դիլիջանից ցուցանմուշների տեղափոխումը Գոշ:
