Ստամբուլի ղեկավարությունը լրջորեն նախապատրաստվում է «Գեզի» այգու ցույցերի տարելիցին: Տեղական իշխանությունները արգելելու են քաղաքի կենտրոնում ցանկացած ցույցի անցկացում: Այս մասին հայտարարել է Ստամբուլի նահանգապես Հուսեյն Ավնի Մութլուն: «Մենք գիտենք, թե ինչ էր տեղի ունենում անցած տարի հունիս ամսին, և լավ հիշողություններ չունենք այդ ժամանակներից: Եթե որոշ անձանց նեղ շրջանակներ ցանկանան անընդունելի քայլերի դիմել, ապա մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք դրանք կանխելու համար»,-նշել է Ավնին՝ ակնարկելով, որ հարկ եղած դեպքում կմիջամտի ոստիկանությունը, հետևաբար կարելի է սպասել արցունքաբեր գազի և ջրաշիթերի:
Նշենք, որ մոտ օրերս Ստամբուլում սպասելի են ցույցեր, քանի որ «Թաքսիմի դիմադրություն» կոչվող շարժման անդամները արդեն հայտարարել են, որ պատրաստվում են մայիսի 31-ին հավաքվել Թաքսիմում և Գեզի այգում՝ «ժողովրդավարության և քաղաքացիական ազատության համար պայքարելու» նպատակով: Հայտնի է, որ այդ օրը քաղաքը կվերահսկի 25 հազար ոստիկան:
Tags: գեզի, թուրքիա