ԵԽԽՎ-ում Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ բանաձև է ընդունվել

եխխվԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԵԽԽՎ-ում Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ բանաձև է ընդունվել:

Հովհաննիսյանը գրում է. «Մայիսի 26-27-ին Հելսինկիում տեղի ունեցավ ԵԽԽվ իրավական հարցերով հանձնաժողովի նիստը: Նիստի օրակարգում ներառված էր նաև ««Դատապարտված անձանց փոխանցման մասին» կոնվենցիայի չարաշահումը կանխարգելելու միջոցառումների մասին»  ԵԽԽվ բանաձևի նախագիծը: Այն վերաբերում էր ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին: Բանաձևն ըստ էության փաստեց, որ Սաֆարովի արտահանձնումն  եղել է կոնվենցիայի չարաշահում և հակասում է բարի կամքի և իրավունքի գերակայության սկզբունքներին:

Բանաձևը փաստում է, որ Ադրբեջանի կողմից չարաշահվել է կոնվենցիայի 12-րդ հոդվածը, որի նպատակը առավելապես մարդասիրական է և այն չպետք է օգտագործվի այլ նպատակներով:
Նշեմ, որ ադրբեջանցիները մինչև վերջ էլ չկարողացան հասկանալ և ընդունել, որ աղաղակող փաստերի և իրողության դեմ իրենց ճամարտակությունները դատապարտված էին ձախողման և անգամ այս փուլում միևնույն է փորձում էին ամեն ինչ անել բանաձևի ընդունումը տապալելու համար` ներկայացնելով ծիծաղելի հակափաստարկներ:
Շնորհակալ եմ զեկուցողին` անաչառ և անկողմնակալ փաստաթուղթ ներկայացնելու, իսկ եվրոպացի գործընկերներիս` արդարությանը և իրենց խղճին ու համոզմունքներին համապատասխան գնահատականների ու քվեարկության համար»:

Tags: ,