Ոչ մի երկիր չի ցանկանում հյուրընկալել 2022թ-ի Օլիմպիական խաղերը

Almaty_KazakhstanԱյս շաբաթ Լեհաստանի Կրակով քաղաքը դուրս է եկել 2022թ-ի Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար առաջադրված քաղաքների ցուցակից, քանի որ քաղաքի բնակիչները դեմ են քվեարկել խաղերը այդտեղ անցկացնելու նախագծին:

Այժմ խաղերը հյուրընկալելու համար առաջադրված են միայն չորս քաղաքներ:

Կրակովը առաջարկել էր հարևան Սլովակիայի հետ խաղերը հյուրընկալելու նախագիծ, սակայն քաղաքի բնակիչների 70 տոկոսից ավելին հանրաքվեի ժամանակ դեմ էր քվեարկել դրան:

Հունվարին Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքը, պատճառաբանելով մեծ ծախսերը, նույնպես դուրս էր եկել ցուցակից, իսկ Գերմանիայի Մյունխեն քաղաքի բնակիչները նախագծին «ոչ» էին քվեարկել Միջազգային օլիմպիական կոմիտեի ագահության պատճառով:

Այս մերժումները  հիմնականում պայմանավորված են խաղերի մեծ ծախսերով:

2014թ-ին Սոչիում կազմակերպված Օլիմպիական խաղերի վրա ծախսվել է շուրջ 51 միլիարդ դոլար, իսկ 2008 թ-ի Պեկինի խաղերի վրա՝ 40 միլիարդ դոլար:

Նորվեգիայի Օսլո քաղաքում խաղերը անցկացնելու առաջարկին մեծապես ընդդիմանում են քվեարկողները և կառավարության կոալիցիայի կեսից ավելին, իսկ Ուկրաինայի Լվով քաղաքում խաղեր անցկացնելու նախագիծը անհավանական է՝ երկրում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով:

Ղազախստանի Ալմաթի քաղաքը և Չինաստանի մայրաքաղաք Պեկինը մնում են խաղերը հյուրընկալելու համար առաջադրված հիմնական քաղաքները:

Միջազգային օլիմպիական կոմիտեն վեց շաբաթվա ընթացքում հանդիպում կունենա Շվեյցարիայում խաղերը հյուրընկալող քաղաքը ընտրելու համար:

 

Tags: ,