Արսեն Խոջոյանի բազմազավակ մայրը խնդրում է մի քանի ամսով սառեցնել վարկը

arsen_xojoyan_696389593Ադրբեջանական գերությունից հայկական կողմին հանձնված Վերինկարմիրաղբյուրի 23-ամյա Արսեն Խոջոյանի առողջական վիճակը չի վատթարացել, բայց չի էլ լավացել: Նրա մայրը` Սվետա Խոջոյանը, Անկախի թղթակցին ասել է, որ մոտ մեկ ժամ առաջ է խոսել Արսենի հետ, որն այս օրերին Սևանում է` օգնելու անասնապահությամբ զբաղվող հորը:

ՙՙՀայրը` Անանիան, էսօր գնացել ա Էջմիածին, որ տրակտոր քշի օրավարձով, Արսենն էլ Սևան ա, փողով անասուն պահելու ա գնացել: Մեկի անասուններն են պահում, որ գոնե մի երկու կոպեկ աշխատեն, որ վարկերը փակենք: Հետը մի տղա էլ կա Ղրղիից /հարևան Արծվաբերդ/ գյուղից: Էդ տղայի մայրն էլ կթվորուհի ա էնտեղ, թափշյուր եմ արել/ապսպրել/, որ լավ նայեն տղուս, ասել եմ` հիվանդ տղա ա, լավ կնայեք: Էդ տղու հերն էլ էլի մեր շամշադնեցի, ասեց` ես կսրսկեմ, էլ ուրիշի չեմ ասի: Արսենը օրը մեկ ասեղ սրսկվում է, երեք հատ էլ դեղ ա խմըմ: Որ եկավ Բաքվից, մաշկին սպիտակ ու կարմիր այտուցներ կային, դրանց համար էլ քսուք են առել, քսում ա, դե բայց չի անցել: Մեկ էլ ասել են, որ դեղատնից օճառ առնեմ հատուկ, քսի, էդ էլ ա անում՚՚:

Տիկին Սվետայի խոսքով, Արսենը գանգատներ ունի, ոտքերն են ցավում, թուլություն ունի, մեկ-մեկ քթից արյունահոսոթյուն է ունենում: ՙՙԵս հարցրել եմ, ասել` կարող ա ինչ-որ բան են սրկսել ընդեղ, ասում ա` ես նման բան չեմ տեսել: Դրա համար մտածըմ եմ` կարող ա ուտելիքի կամ թեյի մեջ են ինչ-որ բան քցել, գիդըմ չեմ՚՚:

Արսեն Խոջոյանի քույրերը` Ալվարդն ու Անին , նաև կրտսեր եղբայրը` Արմանը, ևս առողջական խնդիրներ ունեն: Նրանք այժմ գյուղում են, դարձյալ դեղորայքային բուժում են ստանում: Այսօր տիկին Սվետային նաև զանգահարել են Տավուշի մարզպետարանի առողջապահության բաժնից և տեղեկացրել, որ առողջապահության նախարարի հանձնարարությունն է` բուժզնության ենթարկել Արսենին: Սվետա Խոջոյանն այժմ փորձում է կապ հաստատել Սևանի անասնապահական այդ ֆերմայի ղեկավարի հետ, որ Արսենին մի քանի օրով հնարավոր լինի Երևան տեղափոխել` բժշկական հետազոտության նպատակով:

Սվետա Խոջոյանը դիմում է բարի կամքի մարդկանց` օգնել ընտանիքը դուրս գա այս ծայրահեղ ծանր վիճակից: ՙՙԱրեգակ՚՚ վարկային ունիվերսալ կազմակերպությունից մինչև Արսենի գերեվարվելը, Խոջոյանները վարկ են վերցրել և այժմ, հայտնվելով դժվար վիճակում, չեն կարողանում մարել անգամ տոկոսները: ՙՙԷսօր թե այդ կազմակերպությունից, թե երաշխավորները գլխիս էին թափվել, ասում են, եթե վաղը չմուծեք, դատի ենք տալու, չեմ ուզում դատարան ընկնեմ: Եթե հնարավոր է, խնդրում եմ` մի քանի ամսով սառեցնեն վարկը, մինչև Արսենս հունի մեջ ընկնի, որ կարողանանք վճարել՚՚,-խնդրում է յոթ զավակների մայրը:

 

Անկախ

Tags: , ,