Ցուցարարին ծեծի ենթարկած Էրդողանի խորհրդականը անպատիժ է մնացել

Յուսուֆ Երքել,ծեծ     Այսօր թուրքական լրատվամիջոցները անդրադարձել են Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի խորհրդական Յուսուֆ Երքելի հարցին, որը Սոմայում ծեծի էր ենթարկել բողոքի ցույցի դուրս եկած հանքափորին, երբ վարչապետը այցելել էր աղետի վայր: Երքելը մի քանի անգամ ոտքով հարվածել էր գետնին ընկած ցուցարարին, և այդ դրվագը չէր վրիպել ֆոտոլրագրողների ուշադրությունից: Խորհրդականի արարքը մեծ քննադատության էր արժանացել, հանրությունը պահանջել էր հեռացնել նրան պաշտոնից:

Թուրքական «Հաբերլերը» գրում է, որ Երքելը շարունակում է զբաղեցնել վարչապետի խորհրդականի պաշտոնը, այնինչ տեղի ունեցած միջադեպից հետո հնչած պաշտոնական հայտարարության համաձայն նրան պետք է հեռացնեին: Սակայն այնուհետև Երքելի նկատմամբ մեղմ պատիժ սահմանելու որոշում է կայացվել: Նրան զրկել են վարչապետ Էրդողանի հետ գործուղումների մեկնելու հնարավորությունից: Այս որոշումը, իհարկե, մեծ դժգոհություն է առաջացրել:

Նշենք, որ օգոստոս ամսին Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ նման միջադեպերը ուղղակիորեն սպառնում են Էրդողանի վարկանիշին:

Անկախ