Վրաստանում ադրբեջանցիների և վրացիների միջև բախում է տեղի ունեցել

Վրաստանում ադրբեջանցիների և վրացիների միջև բախում է տեղի ունեցել   Անցյալ գիշեր Վրաստանի Գարդաբանի շրջանում վրացի և ադրբեջանցի երիտասարդների  միջև զանգվածային ընդհարում է տեղի ունեցել, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

Տեղական կազմակերպություններից մեկի` Միացյալ ազգային շարժման առաջնորդ Ռամին Բայրամովի խոսքով` կազմակերպության չորս ակտիվիստների նկատմամբ հարձակում է իրականացվել: Նախ նրանց վրա հարձակվել են փողոցում, հետո էլ` քաղաքի կենտրոնում գտնվող թեյարանի մոտ: Բայրամովի խոսքով` ակտիվիստները ոստիկանություն են կանչել, սակայն շուտով թեյարանի շուրջ մահակներով զինված հարյուրից ավել մարդիկ են հայտնվել: Նրանց են միացել նաև Միացյալ ազգային շարժման անդամները:

Շուտով շուրջ 200 մարդու մասնակցությամբ զանգվածային ընդհարում է սկսվել: Հարձակումները դադարեցնելու նպատակով իրավապահները ստիպված են եղել օդ կրակել նախազգուշացման համար: Ինչպես շարժման, այնպես էլ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները պնդում են, որ երկու ազգություններ ներկայացնող երիտասարդների միջև ընդհարումը քաղաքական, այլ ոչ թե էթնիկ բնույթ է կրել: Այն կապ ունի մայիսի 15-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ:

Ըստ կայքի` Գարդաբանում ադրբեջանցիների և վրացիների միջև բախումները շարունակվում են:

Մայիսի 29-ին քաղաքում բնակվող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել` պահանջելով պատժել նախօրեին տեղի ունեցած միջադեպի մեղավորներին: Հավաքվել է մոտ 300 ադրբեջանցի: Տեղեկություններ կան, որ մի քանի ընդհարման փորձ է եղել, և իրադրությունը կրկին թեժանում է:

Քաղաքի կենտրոն է եկել նաև Քվեմո Քարթլիի նահանգապետը` հայտարարելով, թե պատրաստվում է իրադրությունը լիցքաթափելու նպատակով անձամբ բանակցություններ վարել հակամարտող կողմերի հետ:

 

 Անկախ

 

 

Tags: , , ,