«Ծառերի հիշողությունը» գիրքը Հայոց ցեղասպանության մասին կպատմի լուսանկարների լեզվով

girq    Վերջերս հրատարակվել է Քեթրին Քուքի «Ծառերի հիշողությունը» գիրքը, որը մի հուզիչ պատմություն է Հայոց ցեղասպանության մասին: Գիրքը յուրահատուկ է նրանով, որ այն ընթերցողին իր ասելիքը փոխանցում է լուսանկարների միջոցով: Քեթրինը շրջել է Թուրքիայի տարբեր վայրերով և լուսանկարել մի շարք տեղեր և մարդկանց, որոնք տուժել են ցեղասպանությունից և մինչ օրս կրում են այդ հիշողությունը: «Կարծում եմ՝ նկարները պատմությունը ներկայացնելու հիանալի միջոց են: Որոշ դեպքերում լուսանկարները խոսքերից ավելի լավ կարող են պատմել: Ես հույս ունեմ, որ գիրքը կդառնա մի բացառիկ մոտեցում այս հարցին»,-նշել է Քուքը:

Ամերիկյան «Wired» ամսագիրը  գրում է, որ Քուքը 2006 թվականին տեղափոխվելով Թուրքիա, սկսում է հետաքրքրվել պատմությամբ: Նա տեսնելով, թե ցեղասպանության հարցը ինչ նշանակություն ունի Թուրքիայում, որոշում է այն ուսումնասիրել լուսանկարների միջոցով: Քուքի գործունեության վրա մեծ ազդեցություն թողեց նաև Հրանտ Դինքի սպանությունը: «Հրանտ  Դինքի մահը ստիպեց, որ ես սկսեմ ուսումնասիրել հայկական ինքնությունը Թուրքիայում»,-խոստովանում է Քուքը: Վերջինս նաև ունի Թուրքիայում լքված և անտեսված վիճակում գտնվող մի շարք հայկական եկեղեցիների, վանքերի և այլ շինությունների լուսանկարներ: Հեղինակը գտնում է, որ հայկական շինությունների նման վիճակը խոսում է թուրքական կառավարության որդեգրած պետական քաղաքականության մասին,  այն է` ի սպառ վերացնել հայկական հետքը: «Ծառերի հիշողությունը» գիրքը իրենց գրառումներով հարստացրել են Ֆրանսուա Շեվալն ու Քարին Քարաքաշլըն:

 

Tags: ,