Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը միջազգային մրցույթում առաջին մրցանակի է արժանացել

պատկերազարդ-պատմություն-հայոց«Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցանակաբաշխությանը  Հայաստանը ներկայացրել է 9 գիրք և արժանացել  8 մրցանակի:

Մայիսի 21-22-ը Մինսկում կայացած  ԱՊՀ  պետությունների «Գրքարվեստ» միջազգային մրցանակաբաշխությանը մասնակցել են 9 պետություններ` 77 հրատարակություններով: Հայաստանից ներկայացված գրքերից 5-ն արժանացել են առաջին մրցանակի, մեկ գիրք` երկրորդ մրցանակի, մեկ գիրք` Նոմինանտի դիպլոմի և մեկ գիրք էլ` ժյուրիի հատուկ մրցանակի:

«Գիրք երեխաների և պատանիների համար» անվանակարգում առաջին մրցանակն է ստացել «Արևիկ» հրատարակչության  ներկայացրած Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքը ռուսերեն հրատարակությամբ:

«Մշակույթների երկխոսություն» անվանակարգում  առաջին մրցանակն ստացել է Ռուբեն Գևորգյանցի «Փարաջանով… կոլաժ երկուսի համար» գիրքը:

«Գիտություն և կրթություն անվանակարգում» առաջին մրցանակը շնորհվել է Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց»  գրքին:

«Արվեստի գիրք» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել Ֆոլքմար Գանցհորնի «Քրիստոնեա-Արևելյան գորգը» (Ասողիկ ՍՊԸ):

Իսկ «Տպագրված է Համագործակցությունում» անվանակարգում մրցանակակիր է դարձել Շմավոն Շմավոնյանի «Արարատ» հրատարակությունը:

«Համագործակցություն» անվանակարգի երկրորդ մրցանակին է արժանացել Ալբերտ Միքայելյանի «Հայոց երևելիներ» գիրքը:

«Գրան պրի» անվանակարգում Նոմինանտի դիպլոմ է ստացել «Պարույր Սևակ: Բարի երազըս` ձեզ, սիրելիներ» գիրքը` կազմված Յ. Պետրոսյանի կողմից:

Իսկ Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գիրքն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի «Իմ երկիրը» անվանակարգում:

«Սա էլ մի քարոզչություն էր հայ գրքի, հայ պատմության»,- ասում է  «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով` Հայաստանի համար էլ է հետաքրքիր իմանալ, թե իր գրաշուկան ինչ որակի է, նման մրցույթներին մասնակցությունն էլ դա պարզելու միջոց է:

«Կարծում եմ` վերջին 7-8 տարիների  ընթացքում մեր հրատարակիչները բարելավել են իրենց աշխատանքները: Որակի իմաստով մեր հրատարակիչները պրոֆեսիոնալ իրենց գործն անում են: Ներկայացնելիս մարդ ուրախանում է, որ Հայաստանում կան գրքեր, որոնք պարզերես կարող ես ներկայացնել»,- ասում է նա:

Նախ անցկացվում է  ներհանրապետական ` «Հայաստանի գրքարվեստը» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ էլ ընտրվում են գրքերը, որոնք Հայաստանի կողմից կներկայացվեն միջազգային մրցույթում:

Միջազգային մրցույթի ժյուրիի կազմը ձևավորվում է մասնակից պետությունների և հյուրընկալ երկրի մասնագետներից:

«Գրքարվեստ» միջազգային ամենամյա մրցույթը կազմակերպվում է  2004 թվականից ԱՊՀ երկրների պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի ոլորտում համագործակցության խորհրդի կողմից` Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

Tags: , , , , ,