Սփյուռքի նախարարը պարզաբանեց, թե ինչու է «հայանպաստ» գործունեության համար խնդրել բանակից ազատել ՀՀ քաղաքացի սփյուռքահայերին.tert.am

Հրանուշ ՀակոբյանՍփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանելով Tert.am-ի հարցին, թե արդյոք հակասահմանադրական չէ զինվորական ծառայությունից ազատել ՀՀ քաղաքացիություն ստացած սփյուռքի որոշ հայրենակիցների՝ ձևակերպելով դա որպես հայանպաստ գործունեություն, պատասխանեց, թե իրականում իր դիմումը կառավարությունում շփոթ է առաջացրել անտեղի։
«Ինչ-որ շփոթ առաջացավ «ՀՀ զինապարտության մասին օրենքով» ՀՀ քաղաքացիները պետք է պարտադիր զինվորական ծառայություն անցնեն: Դա նաև սահմանադրական նորմ է, սակայն օրենքն ունի որոշակի կետեր, որով ասում է, թե որ դեպքում գիտնականը, երեք-չորս երեխա ունեցողը, խնամողը, քաղաքացին որոշակի դեպքերում կարող են ազատվել կամ տրվի տարկետում: ՀՀ կառավարությունը տասնյակ տարի է՝ տալիս է տարկետում ուսանողներին, հոգևորականներին՝ այս երկու կատեգորիաներին հիմնականում, որպեսզի նրանք կամ սովորեն, կամ ծառայություն անցնեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վերջերս դիմել է ՀՀ կառավարությանը՝ ՀՀ քաղաքացիություն ստացած մի խումբ սփյուռքահայերի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցով, ինչը դժգոհությունների առիթ էր հանդիսացել, քանի որ, ըստ հարցը բարձրացնողների՝ նախարարը հակասահմանադրական քայլ էր արել՝ մի կողմից սփյուռքահայերի նկատմամբ, մյուս կողմից՝ պետության։
Նախարարը նշեց, որ վերջին անգամ Սփյուռքի նախարարությունն առաջարկել էր Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության չորս միաբանների ազատել զինվորական ծառայությունից, որպեսզի նրանք իրենց ծառայությունն անցնեն Սիրիայում, Հորդանանում, Լիբանանում և այլն:
Նախարարը ևս մեկ անգամ՝ ի գիտություն հարցով մտահոգվողների, ասաց, որ ինքը դիմել է, քանի որ երիտասարդները միաբաններ են եղել: «Բացի այդ, եթե խոշոր կառույցներն ու կազմակերպությունները հարց են բարձրացնում, ու մենք էդ հարցը քնեցնենք, դուք նույն հաջողությամբ կհարձակվեք մեզ վրա և կասեք՝ դուք ինչու՞ եք նստել և ընթացք չեք տալիս սփյուռքի հարցերին»,- ասաց նա:
Հարցին, թե բանակում ըստ նախարարի ծառայելը հայրենանպաստ է, նախարարը դրական արձագանքեց: Հակառակ հարցին՝ իսկ չծառայե՞լը՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Գիտեք, կան դեպքեր, որոնք կարող են հավասարեցվել ծառայությանը: Սիրիայում հոգևորականն այսօր բանակին հավասար ծառայություն է իրականացնում, և էդ երիտասարդները պետք են Սիրիայում, Լաթաքիայում առաջինը, երբ մեր Քեսաբի հայությանը դուրս արեցին, եկեղեցին ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցրեց, և եկեղեցական ծառայողներն էին ծառայում՝ 370 հոգու կերակուր, հագուստ, սնունդ բերելու հարցում»: