Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Իլհամ Ալիևը նամակ է հղել Ղազախստանի, Ռուսաստանի և Բելարուսի նախագահներինին, որում ընդգծել է միջազգային իրավական նորմերին հետևելու կարևորությունը, եթե Հայաստանը միանա միությանը, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:
Նամակում մասնավորապես ընդգծված է, որ քանի որ այդ երկրների նախագահները լավ հարաբերություններ են հաստատել Ադրբեջանի հետ, ուստի “պետք չէ այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կվնասեն Ադրբեջանի շահերին”: Նախօրեին Աստանայում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ էր արել ուշադիր լինել այդ հարցում և Ադրբեջանի դժգոհությունը չառաջացնել։
Մայիսի 29-ին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրել են Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու վերաբերյալ պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015թ.-ի հունվարի 1-ից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը կստորագրի մոտ ապագայում:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի` այս միությանը միանալու հարցին, ապա Նովրուզ Մամեդովը նշել է, որ իրենք նման ծրագրեր չունեն: “Մենք դեռևս այդ մասին չենք մտածում: Մեզ հետաքրքրում է միայն Հայաստանի`այդ միությանը անդամակցելու հարցը”,-ընգծել է Մամեդովը:
Tags: ադրբեջան, Եվրասիական տնտեսական միություն, Հայաստան
