Բոլորի համար էլ պարզ է, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական տարածքում են. Էդուարդ Շարմազանով

շարմազանովԱյսօր Ազգային ժողովում ԱԺ փոխխոնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ երեկ Աստանայում կայացած Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին: Էդուարդ Շարմազանովը խնդրեց լրագրողներին ուշադիր լինել նման քաղաքական մեսիջները վերլուծելիս, քանի որ Մաքսային միության հետ համագործակցության դաշտում սահմանների հարց փնտրելը սխալ է:

Ըստ նրա` ՄՄ-ն սահմանների հարց չի լուծում և չի կարող լուծել, քանի որ նման լիազորություն չունի, ուստի սահմանների մասին խոսելը և դա կապելը Մաքսային միության հետ  ավելորդ է: Ավելին` ԱԺ փոխխոսնակը վստահ է` բոլորի համար էլ պարզ է, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական տարածքում են։
«Այլևս փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունը և Եվրասիական տնտեսական միության երեք հիմնադիր երկրները եկել են համաձայնության, որ մինչև հունիսի վերջ ՀՀ-ն անդամակցելու է այդ միությանը, մնացել են մի քանի տեխնիկական բնույթի հարցեր, որոնք սահմանների հետ ոչ մի կապ չունեն և ընդամենը ներմուծման ու արտահանման հետ կապ ունեն: Իսկ ինչո՞ւ սահմանների հետ կապ չունեն, որովհետև, կրկնվեմ, ՄՄ-ն և ԵՏՄ-ն այն կազմակերպությունները չեն, որոնք ճշգրտելու կամ քննարկելու են սահմանների հարցը: Այս միություններից և ոչ մեկին Հայաստանը չի անդամակցում Ղարաբաղի հարցը լուծելու համար: Հայաստանում կա կայացած հասարակություն, քաղաքական դաշտ, մամուլ, ու ժամանակն է, որ տարբերեն բանակցային գործընթացը հրապարակային ուղերձներից, և հասկանան՝ ինչու և ում համար են արվում այդ ուղերձները: Ես խնդրում եմ Ձեզ, որ աժիոտաժ չսարքեք այս հայտարարությունից, հաստատ դա ոչ ձեզ, ոչ ինձ, ոչ մեր հասարակությանը, ոչ մեր պետությանն օգուտ չի բերելու, և կարիք չկա այս հարցից մի մեծ փուչիկ փչել ու ուռեցնել: ՀՀ-ն չի անելու մի քայլ, որը կվնասի Արցախի Հանրապետությանը, ՀՀ-ն համարվել և համարվում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը»,-հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Tags: , ,