Մինսկում հանդիպել են Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը

աբրահամյան-մեդվեդևԲելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երկկողմ հանդիպումը:
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկայիս մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ բնագավառներում համատեղ նախանշված ծրագրերի հաջող իրականացումը և նոր նախագծերի մշակման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը:
Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին և իրականացվող աշխատանքներին: ՀՀ և ՌԴ վարչապետները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը:
ՌԴ կառավարության ղեկավարի հետ հանդիպումով ավարտվել է ՀՀ կառավարության ղեկավարի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն:

Tags: , ,