Իրանի ազգային նավթաքիմիական արդյունաբերության ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Մոհամեդ Հասան Փեյվանդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների թուլացումը նպաստում է իրանական նավթաքիմիական արտադրանքի արտահանմանն ասիական երկրներին:
«Իրանական նավթաքիմիական արդյունաբերությունից եկամուտների հետագա ավելացմանը հիմնականում նպաստելու է ԵՄ երկրների ընկերությունների հետ համագործակցության վերսկսմանը»,- հայտնել է Փեյվանդին:
Այդ ընկերությունները պատժամիջոցների պատճառով, այժմ չեն կարողանում իրենց տեխնոլոգիան վաճառել Իրանին:
Ներկայումս ԵՄ երկրների նավթաքիմիական ընկերությունների հետ կապեր հաստատելու գործընթացը շարունակվում է:
Ուշագրավ է, որ նավթաքիմիական արտադրանքը համարվում է Իրանի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը՝ հում նավթից հետո:
Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ԱՄՆ-ն պատժամիջոցներից ազատել է Իրանի 14 խոշոր նավթքիմիական ընկերությունների:
Դա թույլ է տալիս ասիական սպառողներին հեշտ ու արագ իրանական նավթաքիմիական արտադրանք գնել՝ առանց ավելորդ իրավաբանական ու քաղաքական արգելքների:
Նշենք նաև, որ ԱՄՆ-ն վերանայել է Ճապոնիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Լեհաստանի Ֆրանսիայի ու Չեխիայի համար իրանական նավթի արգելքը:
Վերոնշված երկրներն ավելի վաղ պետք է սատարեին ԻԻՀ նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները:
ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Ջոն Քերին մեկ ամիս առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ չնայած արգելքի վերանայմանը, Վաշինգթոնը չի հրաժարվելու տնտեսական պատժամիջոցներից՝ կապված Թեհրանի միջուկային ծրագրի հետ:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: ԵՄ, իրան, նավթ