Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է «Այբ» ավագ դպրոցի առաջիկա ծրագրերին

Ayb7Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Այբ» ավագ դպրոց: Կառավարության ղեկավարը շրջել է կրթական հաստատությունով՝ ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին, կրթական գործընթացներին և առաջիկա ծրագրերին:
Վարչապետին տեղեկացրել են, որ 7 հա տարածքի վրա առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է կառուցել կրթական ավան՝ տարրական, միջին և ավագ դպրոցի նոր մասնաշենքերով, մարզական համալիրով, արվեստի կենտրոնով: Ծրագրվում է մոտ ժամանակներս դպրոցում հիմնել արդիական սարքավորումներով համալրված լաբորատորիա, որտեղ կիրականացվեն ռոբոտաշինության և ինժեներական ծրագրեր:
Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև դպրոցի կրթական գերազանցության կենտրոնի ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել կառավարության հետ համատեղ:

Ayb6Տեղեկացվել է, որ այս ուսումնական տարվանից «Այբ»-ի տարրական դպրոցի աշակերտների թիվը հասել է 82-ի, իսկ ավագ դպրոցինը՝ 260-ի: Այս ուստարում կբացվի նաև միջին դպրոցը: Զեկուցվել է, որ սոցիալական ուղղվածություն ունեցող ավագ դպրոցի աշակերտների մոտ 80 տոկոսն ուսում է ստանում բարերարների հատկացրած կրթաթոշակներով:

Հովիկ Աբրահամյանը ողջունել և կարևորել է նախատեսվող ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման աշխատանքներում:
Ի դեպ, «Այբ» կրթական ավանում շարունակվում են նաև Սրբոց Թարգմանչաց եկեղեցու կառուցման աշխատանքները. եկեղեցին կնվիրաբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

 

Անկախ

Tags: , ,