«Եթե այժմ էլ ՀՀԿ-ականները նշում են, թե խնդիր չկա, ապա սա արդեն վրիպակ չէ, այլ վտանգավոր երևույթ». Հովհաննես Իգիթյան

135755

«Ես միշտ կարծել եմ, որ անձի ու պետության ղեկավարի արժանապատվությունը երբեմն պետք է համընկնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստան-Եվրասիական Միություն վերջին զագացումների մասին,  նշեց ԱԺ արտաքին  հարաբերությունների հանձնաժողովի  նախկին նախագահ, միջազգային փորձագետ  Հովհաննես Իգիթյանը:

Ըստ բանախոսի՝ Լեռնային Ղարաբաղի հարցը այս կամ այն կերպ դրված էր Մաքսային Միությանն անդամակցելու հիմքում:

Հայաստանի իշխանություններն, ըստ նրա, շշուկով ասում էին, որ ՄՄ-ին անդամակցելու որոշումն ընդունված է, և ամեն-ինչ արվում է Լեռնային Ղարաբաղի համար:

Բանախոսը կարծում է, որ Հայաստանը պետք է հստակ, ճկուն ու կտրուկ բանաձև ունենար: Ադրբեջանը, ըստ նրա, թեկուզ զավեշտալի, բայց այդ բանաձևն ունի և ամեն հնարավոր առիթով հիշատակում է «Հայաստանի կողմից իրենց տարածքների 20%-ը օկուպացնելու, 1 միլիոն փախստականների մասին և այլն»: Սա ծիծաղելի է, բայց, ըստ նրա՝ աշխատող բանաձև: «Այս տեսանկյունից, Հայաստանը ևս պետք է ունենար բանաձև, թե ինչ է ուզում: Այդ բանաձևը պիտի ունենար նաև արտաքին գործերի նախարարը, որը պետք է գոնե օգներ նախագահին ասելու, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Եվրասիական Միության նիստում չէ, որ պետք է քննարկվի»,-նշեց փորձագետը:

Այն պնդմանը, թե գուցե այս ամենը վտանգ չի՞ ներկայացնում իրենից, չէ՞ որ Հայաստանն առանց Ղարաբաղի է անդամակցում նաև ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին ու այլ կառույցներին, բանախոսը պատասխանեց, որ իրականում, որևէ կազմակերպությանն անդամակցելիս սահմանների հարց չի քննարկվում, այն կարգավորվում է պետությունների միջև: Բայց այստեղ, իրականում, մեծ խնդիր կա, ու եթե մեր իշխանություններն այն չեն տեսնում, ապա դա ավելի վտանգավոր է, քանի չիմանալ՝ ինչ անելը:

«Եթե այժմ էլ ՀՀԿ-ականները նշում են, թե խնդիր չկա, ապա սա արդեն վրիպակ չէ, այլ վտանգավոր երևույթ, նշանակում է՝ նրանցից ով էլ լիներ, նման կերպ էր արձագանքելու»,-նշեց Հովհաննես Իգիթյանը:

Բանախոսի կարծիքով՝ նիստի ժամանակ Ադրբեջանի նամակին ի պատասխան Սերժ Սարգսյանի լռությունը քաղաքական ու դիվանագիտական մեծ սխալ էր: «Մեր խնդիրը նստելն ու Սերժ Սարգսյանին քննադատելը չէ. ցանկացած պահի կարելի է գիծ քաշել եղածի վրա և որոշել այս հարցի ճակատագիրը: Ես և մյուսները պատրաստ ենք օժանդակելու Սերժ Սարգսյանին՝ թեկուզ միայն խորհուրդներով, և այս խնդրի ելքը որոշել, որը կարող է լինել, օրինակ, Հայաստանի անդամակցությունը ժամանակավորապես հետաձգելը»,-նշեց Հովհաննես Իգիթյանը:

 

Անկախ

Tags: , , ,