«Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու նոր տարեշրջանի բացումը՝ հունիսմեկյան անակնկալով

001Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից  Անկախին հաղորդում են, որ երեխանեերի իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշանավորվեց նաև «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու նոր տարեշրջանի մեկնարկով։ Օրվա կապակցությամբ հետաքրքիր անակնկալ է մատուցվել քաղաքապետարանի ենթակայության տարբեր դպրոցների գերազանց առաջադիմությամբ սովորող աշակերտներին: Նրանք հնարավորություն են ունեցել անվճար օգտվելու երթուղուց և զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսներով շրջել Երևանով: Երեխաներին ուղեկցել և բարձր տրամադրություն են ապահովել սիրված մուլտհերոսները: Էքսկուրսիայից հետո աշակերտները միացել են Ազատության հրապարակում անցկացվող միջոցառմանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը տեղեկացրել է, որ տարեշրջանի ընթացքում նման հետաքրքիր ակցիաներ պարբերաբար կկազմակերպվեն:

««Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղին իր տեսակով միակն է տարածաշրջանում: Այսօր այն կարևոր և ուրույն տեղ է զբաղեցնում մայրաքաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքում: Իր երկամյա պատմությամբ երթուղին հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի շրջանում: Ակնկալվում է, որ արդեն այս տարի երթուղուց օգտվողների թիվը ավելանալու է: Սակայն այդ մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում»,- նշել է Մարիա Բարաղամյանը նաև հավելելով, որ երթուղին գործելու է ամեն օր, բացի երկուշաբթիից, երեք տարբեր ժամերի՝ 11։00-ին, 15։00-ին և 18։00-ին։

Ինչպես նախորդ տարիներին, երթուղու մեկնարկը Ֆրանսիայի հրապարակից է: «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժին՝ 514-230 հեռախոսահամարով։

 

 Անկախ

Tags: