Ցուցահանդես – վաճառք՝ Հյուսիսային պողոտայում

005Հունիսի 1-ի կապակցությամբ Հյուսիսային պողոտայում Երևանի քաղաքապետարան – մասնավոր հատված համագործակցության հերթական հաջողված նախագիծն է ներկայացվել երևանցիներին: Հատուկ մանուկների համար բացվել է «Երազանքների քաղաք» խորագրով ցուցահանդես-վաճառքը: Տասնյակ տաղավարներում ներկայացվել են երեխաների համար նախատեսված ապրանքատեսակներ՝  մանկական գրականություն, ձեռագործ պարագաներ և այլն:

Ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը: Վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ տաղավարում ներկայացված են մայրաքաղաքի բոլոր նախակրթարանների և դպրոցների վերաբերյալ տեղեկություներ, ինչը լավ հնարավորություն է ծնողների համար՝ առավել մանրամասնորեն տեղեկանալու իրենց հետաքրքրող հարցերին:

Երեխաների համար հետաքրքիր ժամանց ապահովելուց բացի, միջոցառումը կրել է բարեգործական բնույթ: Վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է անապահով ընտանիքներին, ինչպես նաև սիրիահայ ընտանիքներին: Ցուցահանդես-վաճառքը կգործի նաև հունիսի 2-ին:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաև համերգային ծրագիր՝ երգի-պարի մանկական համույթների մասնակցությամբ: Բոլոր մանուկներն ստացել են Տեր Շահե քահանա Հայրապետյանի օրհնությունը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 1-ի կապակցությամբ մայրաքաղաքում անցկացվող տոնական միջոցառումները մեկնարկել են վաղ առավոտից և շարունակվելու են մինչև երեկո:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Tags: ,