Հունիսմեկյան միջոցառումներ՝ վարչական բոլոր շրջաններում

008Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մանուկների համար տոնական հագեցած միջոցառումներ են կազմակերպվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Տոնական մթնոլորտը միավորել ու համախմբել է հազարավոր մանուկների:

Երեխաների ուրախ ժամանցն ապահովելու նպատակով զբոսայգիներում անցկացված միջոցառումների ժամանակ տեղի են ունեցել համերգային ծրագրեր՝  հայտնի ու սիրված հեքիաթների ու մուլտհերոսների կերպարների մասնակցությամբ: Ելույթներով են հանդես եկել վարչական շրջանների մշակույթի տների և երաժշտական դպրոցների սաներն ու երգի-պարի համույթները: Արվեստի դպրոցների աշակերտներն էլ բացօթյա ցուցահանդեսներով են ասպարեզ եկել:

Անցկացվել են նաև մի շարք խաղ-մրցույթներ, այդ թվում՝ մարզական. հաղթողները պարգևատրվել են խրախուսական նվերներով:

Հունիսմեկյան հետաքրքիր միջոցառումներ են անցկացվել նաև բակային տարածքներում, որտեղ, որպես անակնկալ նվեր, երեխաները նաև քաղցրեղեն ու պաղպաղակ են ստացել: Օրվա հետ կապված տոնական միջոցառումներ ու մանկական շոու ծրագրեր են կազմակերպվել նաև բոլոր մանկապարտեզներում:

Երեխաների ծնողներն իրենց շնորհակալությունն են հայտնել կազմակերպված միջոցառումների համար և ընդգծել, որ օրն իսկապես տոն է դարձել փոքրիկների համար: Նաև նկատել են, որ մայրաքաղաքի կենտրոնից բացի վարչական շրջաններում օրը նշելը արդեն ավանդական է դարձել, ինչը շատ կարևոր են գնահատել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն