Հունիսի մեկը Տավուշի մարզի Բերդ քաղաքում նշվել է մոտ երկուսուկես հազար փոքրիկների մասնակցությամբ: Երեխաների միջազգային օրվա առիթով տեղի ունեցած տոնախմբությանը մասնակցել են ոչ միայն Բերդի դպրոցների ու մանկապարտեզների փոքրիկները, այլև սահմանամերձ գյուղերի` Չինարիի, Մովսեսի, Ներքին կարմիրաղբյուրի, Չինչինի ու Վարագավանի մանկապարտեզների մանուկները: Փոքրիկ տավուշցիների շքերթը` թմբուկների և շեփորների ուղեկցությամբ սկսվել է Բերդի գլխավոր Մաշտոցի փողոցից, այնուհետև երեխաները այցելել են Բերդի մանկական քաղաքային զբոսայգի, որտեղ էլ կայացել է մանկական համերգային ծրագիրը: Ելույթ են ունեցել Բերդի և հարակից գյուղերի մանկապարտեզների երեխաները, կազմակերպվել է նաև Բերդի գեղարվեստի դպրոցի երեխաների ստեղծագործական ցուցահանդեսը: Հունիսմեկյան տոնը եզրափակվել է հրավառությամբ: Սահմանամերձ Չինարիից հունիսմեկյան միջոցառմանը մասնակցել է 20 երեխա: Նրանց ուղեկցող, մանկավարժ Վարսիկ Օրդյանը Անկախի թղթակցին պատմել է, որ փոքրիկները Բերդից գյուղ են վերադարձել նվերներով` գրքերով, քաղցրավենիքով: Փոքրիկ Չինարեցիները կավճանկարությամբ պատկերել են հայրենիքը, Մասիս սարի լանջին հրեշտակները, պատկերել նաև սահմանային դրվագներ: Ամենատպավորիչ պահը շքերթն էր, որի ընթացքում չինարեցի մանուկները գոչյուններով են անցել` վանկարկելով` ՙՙՉինարին հզոր է, թուրքը մեր դեմ անզոր է…՚՚:
Tags: Բերդ, Երեխաների միջազգային օր, Տավուշի մարզ, ՙՙՉինարի
