Հանրապետականն ունի 47000 երիտասարդ. ՀՀԿ ԵԿ հավաքում վերլուծեցին կուսակցական վիճակագրությունը

հհկ«Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացված է ՀՀ բոլոր համայնքներում։ Հայաստանում որևէ այլ կուսակցություն չունի նման ներկայացվածություն, թե՜ հորիզոնական, թե՜ ուղղահայաց կապեր ապահովող կառույցներ։ 30093 ՀՀԿ-ական 18-30 տարիքային խմբում է, կուսակցության 16818 անդամ 30-35 տարեկան է»,- մայիսի 31-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) հավաքի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ընթացքում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը։ Դիմելով երիտասարդ գործընկերներին՝ նա նաև ընդգծեց, որ այդ ներուժը պետք է կարողանալ հնարավորին չափ արդյունավետ օգտագործել. «Մեզ համար շատ կարևոր է, թե ինչ գաղափարախոսությամբ, ինչ ռեսուրսով, ինչ նվիրվածությամբ դուք քաղաքական կյանքում կհերթափոխեք մեզ»։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների հետ ՀՀԿ գործադիր մարմնի անդամը խոսեց կազմակերպչական խնդիրների մասին, բերեց կուսակցությանն առնչվող վիճակագրական տվյալներ, որոնց վերլուծությունը կօգնի հասկանալ առկա խնդիրները և գտնել լուծումներ։ Ռուբեն Թադևոսյանը նաև ընդգծեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ոչ միայն պետք է համալրում ստանա, այլև մաքրվի։

Ներկաները կարևորեցին յուրաքանչյուր ՀՀԿ-ականի իր տարիքային խմբին, նախասիրություններին ու կարողություններին համապատասխան ծրագրերի մեջ ներգրավելու անհրաժեշտությունը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանն

անդրադարձավ կուսակցական կարգապահության հարցերին, կարևորեց հանրության բոլոր շերտերի հետ երիտասարդ հանրապետականների սերտ համագործակցության հարցը։ Նա ընդգծեց, որ այսօր կուսակցությունների միջև հիմնականում գաղափարների և միջավայրերի պայքար է։ Ուստի իրենք գաղափարախոսությանը զուգահեռ պետք է կարողանան գրավիչ միջավայր ապահովել՝ սեփական շարքերը համալրելու ու ամրապնդելու համար։ Դրան զուգահեռ՝ Կարեն Ավագյանը շեշտեց կուսակցությանն անդամագրումների ճիշտ կազմակերպումը. «Արհեստական որևէ թիվ մեզ չի հետաքրքրում, մենք չենք ցանկանում, որպեսզի մեր կառույցներն ուռճացված տվյալներ ներկայացնեն»։

Մայիսի 30-ից հունիսի 1-ը Ծաղկաձորում անցկացված ՀՀԿ ԵԿ հավաքում հաշվետվություններով հանդես եկան նաև երիտասարդական կառույցի մարզային և Երևանի խորհուրդների, տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։

Նշենք, որ ՀՀԿ ԵԿ հավաքները կազմակերպվում են կուսակցության հերթական համագումարներից հետո։ Դրանց ընթացքում քննարկվում են համագումարում հնչած ելույթները, թեզերն ու դրույթները, նախանշվում են նաև առաջիկա անելիքները։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Tags: ,