Ամերիկյան «Բոինգն» առաջիկայում ակտիվորեն կհամագործակցի Իրանի հետ

boeing«Բոինգ» ավիաընկերության նախագահի տեղակալ Թոմաս Փեյքրինգը, որը զբաղվում է միջազգային հարցերով  և նախկինում ԱՄՆ պետքարտուղարի  տեղակալ է եղել, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Բոինգ» ընկերությունը պատրաստ է համագործակցել Իրանի հետ:

Մասնավորապես նա նշել է, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև քաղաքական կապերի ամրապնդման, առևտրական ու մշակութային հարաբերությունների ընդլայնման համար անհրաժեշտ է, որպեսզի վերացվեն Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցությանը խոչընդոտող քաղաքական արգելքները:

Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների, շրջափակումների նվազեցումը կնպաստի, որպեսզի ակտիվորեն համագործակցեն ամերիկյան «Բոինգը» և իրանական ավիացիոն ընկերությունները:

Ուշագրավ է, որ ամերիկյան «Բոինգը» մտադիր է Իրանի շուկայից դուրս մղել ֆրանսիական «Էյրբասին»։

Նորություն չէ, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի օրոք մեր հարևան երկիրը կտրուկ վերանայել  է արտաքին քաղաքականության ասպարեզում տասնամյակներով կարծրացած իր  մի շարք դիրքորոշումները:

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ապասառեցումը կարող է դառնալ այդ քաղաքականության առաջին ծիլերից մեկը։

Այդ զարգացումները հանգեցրել են նրան, որ ամերիկյան ընկերությունները, չսպասելով դիվանագիտական հարթության վրա հարաբերությունների կարգավորմանը, ակտիվորեն գործունեություն են սկսել Իրանում։ Մի բան, որն  անհնարին էր պատկերացնել դեռ մեկ տարի առաջ։

Այս թեման այսօր ամենաքննարկվողն է միջազգային բոլոր վերլուծական, փորձագիտական և քաղաքական շրջանակներում։ Այնքան անսպասելի է, որ շատերը խուսափում են բարձրաձայն կարծիք հայտնել, թե ինչպես կարող էր այս ամենը կատարվել նման կարճ ժամանակահատվածում։

Ամերիկյան գործարար շրջանակները ավելի շուտ են ընկալել այս գործընթացների հեռանկարը և առանց ավելորդ աղմուկի 80 միլիոնանոց շուկա հանդիսացող Իրանում սկսել են վերականգնել իրենց դիրքերը։ Ուշագրավ է, որ այս առումով ավիացիոն ոլորտը միակը չէ:

Tags: ,