Եվրասիական տնտեսական միությանը բարդ կյանք է սպասվում. Ալեքսանդր Իսկանդարյան

Ալեքսանդր Իսկանդարյան«Մաքսային միության կազմում հիմնադիր երեք երկրների միջև կան հակասություններ։ Սակայն հակասությունները վերաբերում են նաև նոր անդամներին, այդ թվում՝ Հայաստանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով. « Հակասություններ կան բոլոր միություններում, այդ թվում՝ Եվրամիությունում։ Եթե այդ միությունը կայանա, ինչում ես վստահ չեմ, դա կլինի դժվար կյանք, ինչպես յուրաքանչյուր միության կյանքն է։ Լինելու են մշտական հակասություններ և դրանք լուծելու ուղիների որոնում։ Պետությունները, որոք միության կազմում են լինելու, ունեն օբյեկտիվորեն տարբեր շահեր. օրինակ, Ղազախստանը և Ռուսաստանը շատ նման են իրար. ունեն մեծ տարածք, համեմատաբար քիչ բնակչություն, խիստ կլիմա և հարուստ էներգապաշարներ, այդ պատճառով ունեն համանման շահեր, իսկ Բելառուսի դեպքում դա այդպես չէ։ Մենք առավել ևս. Հայաստանը ոչ միայն չունի հարուստ էներգապաշարներ, այլև չունի ընդհանուր սահման։ Մեր հանրապետությունը մնացածից կտրված է ոչ թե պարզապես ինչ-որ այլ երկրով, այլ Վրաստանով, որը չունի դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Այս հակասությունները լուծելու համար կոնֆլիկտներ են ստեղծվելու, որոնք շարունակական գործընթաց են դառնալու»։

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ չի կարող ասել, թե երբ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը՝ «համաձայնեցման գործընթացը սկսվել է և դեռ երկար կշարունակվի»
Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի հայտարարությանը, Իսկանդարյանը նշեց, որ այն, ինչ քննարկվում էր ԶԼՄ-ում և այն, ինչ տեղի ունեցավ Աստանայում, իրականում տարբեր բաներ են. Հայաստանում դա չափազանցված խուճապով ընդունվեց. «Երբ ընթանում էին Ասոցացման պայմանագրի ստորագրման համար տարվող աշխատանքերը, ինչ-որ մեկը մտածու՞մ էր, որ ԼՂՀ-ը պետք է մտներ Եվրամիություն: Իհարկե ոչ: Ո՞րն է խնդիրը: Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրասիական միություն ՝ որպես Հայաստան, իսկ ՀՀ և ԼՂՀ միջև միասնական սահման կա, և միասնական սահման էլ կմնա»,-ասաց Իսկանդարյանը:
Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, թե համաձայն է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը Աստանայում տեղի ունեցածի վերաբերյալ. Ղարաբաղի հարցը Մաքսային միությունում չի լուծվում:

Անկախ

Tags: ,