Սնոուդենը ցանկանում է Ռուսաստանից տեղափոխվել Բրազիլիա

սնոուդենԱՄՆ Հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանից տեղափոխվել Բրազիլիա, եթե նրան այդպիսի հնարավորություն ընձեռվի։

«Ռուսաստանում ինձ ապաստարան տրամադրելու ժամկետն ավարտվում է օգոստոսի սկզբին։ Եթե Բրազիլիան ինձ ապաստարան առաջարկի, ապա ես ուրախությամբ կընդունեմ դա», – հայտարարել է նա բրազիլական «Գլոբուս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում.  «Ես շատ կուզենայի ապրել Բրազիլիայում»,- հավելել է նա։

Միևնույն ժամանակ Սնոուդենը հավատացրել է, որ երբեք ոչ մի պետության չի առաջարկել  գաղտնի տվյալներ տրամադրել ապաստարանի դիմաց։ Այս մասին գրում է “Интерфакс“-ը։

Ավելի վաղ ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրուցում Սնոուդենն ասել էր , որ մտադիր է խնդրել ռուսական իշխանություններին երկարաձգել Ռուսաստանում ապրելու թույլտվությունը։

«Երբ ապաստարան տրամադրելու ժամկետն ավարտվի, ես, իհարկե, կդիմեմ երկարաձգելու խնդրանքով»,- նշել էր նա։

 

ԱՄՆ-ում Սնոուդենին հեռակա մեղադրում են պետական ունեցվածքը գողանալու և այլ երկրների հատուկ ծառայություններին գաղտնի տեղեկություններ  փոխանցելու մեջ։ 2013 թվականի օգոստոսին նա ստացավ ժամանակավոր ապաստարանի իրավունք Ռուսաստանում՝ ավելի քան մեկ ամիս Շերեմետևո օդանավակայանի տարանցիկ գոտում անցկացնելուց հետո։

Անկախ